ԱՄՆ նախահագ Դոլալդ Թրամփը The Truth Social-ի իր էջում անդրադարձել է Իրանի սպորտի նախարարի հայտարարությանը այն մասին, որ իրանական կողմը չի մասնակցի 2026 թվականին Միացյալ Նահանգներում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը։
«Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը ողջունելի է Աշխարհի գավաթում, բայց ես իսկապես չեմ կարծում, որ նրանց այնտեղ գտնվելը ճիշտ է՝ ելնելով իրենց սեփական անվտանգությունից»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ Իրանի սպորտի նախարարը հայտարարել էր, որ իրանական կողմի համար հնարավոր չէ մասնակցել 2026 թվականին Միացյալ Նահանգներում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը «Իրանի դեմ իրենց կատարած չարագործությունների պատճառով»։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։