aravot.am Միջազգային տարբեր համալսարանների ականավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով վերականգնել Էդիտա Գզոյանին տնօրենի պաշտոնում:
Հիշեցնենք՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը ազատվել է աշխատանքից։ Գզոյանը ուղեկցել էր Վենս ամուսիններին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, որտեղ պատմել էր Սումգայիթի, Բաքվի, Գանձակի արյունոտ իրադարձությունների, նաև արցախյան պատերազմի մասին։ Գզոյանը Ջեյ Դի Վենսին էր փոխանցել Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր:
Գզոյանը հրաժարականի դիմում է գրել Փաշինյանի ցուցումով: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ գիրք նվիրելը ինքը համարել է «Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն»:
Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորեւ
Մենք՝ ստորագրողներս, արտահայտում ենք խոր մտահոգություն Երևանի Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտում (ՀՑԹԻ) տեղի ունեցած վերջին և անհանգստացնող զարգացումների կապակցությամբ: 2026 թվականի մարտի 11-ին Դր. Էդիտա Գզոյանը՝ Ինստիտուտի պատմության մեջ ամենաականավոր և նվիրյալ տնօրեններից մեկը, ներկայացրեց իր հրաժարականը՝ ըստ ամենայնի կառավարության ճնշման, այլ ոչ թե սեփական կամքով:
Դր. Գզոյանն ՀՑԹԻ-ն բարձրացրեց միջազգային գիտական ճանաչման բարձունքին: Նրա ղեկավարության ներքո Ինստիտուտն ընդլայնեց իր արխիվային հավաքածուները, կազմակերպեց կարևոր սիմպոզիումներ և գիտաժողովներ, ու ստեղծեց գիտական աշխատություններ, որոնք էականորեն առաջ մղեցին ցեղասպանության ուսումնասիրությունները ողջ աշխարհում: Նա անձնուրաց պաշտպան է եղել Հայոց Ցեղասպանության և հայերի դեմ ուղղված հարակից բռնությունների վերաբերյալ խիստ պատմական հետազոտությունների՝ աշխատանք, որը խորացրեց անցյալի անարդարությունների համաշխարհային ըմբռնումը և ամրապնդեց պատմական ճշմարտության գործը:
Նրա հարկադիր հեռացումն առանձնապես անհանգստացնող է իր ժամկետի և համատեքստի առումով: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Դր. Գզոյանն անձամբ ուղեկցեց ԱՄՆ Փոխնախագահ Ջ.Դ. Վենսին Ծիծեռնակաբերդի Հուշահամալիրի այցի ժամանակ: Նա ընդգծեց ոչ միայն 1915 թվականի Ցեղասպանությունը, այլ նաև Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայերի դեմ ուղղված հետագա ջարդերը՝ ընդգծելով տարածաշրջանում հայատյաց բռնությունների պատմական շարունակականությունը: Նա նաև Փոխնախագահ Վենսին նվիրեց Հայոց Ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ գիտական աշխատություններ՝ Հայաստանի պատմությունն ու ժամանակակից մարտահրավերները հասկանալու համար անհրաժեշտ համատեքստ:
Իրադարձությունների հաջորդականությունը վկայում է ավելի լայն և խիստ անհանգստացնող ձևաչափի մասին՝ քաղաքական հարմարավետության հաշվին անկախ ակադեմիական ձայների լռեցում: Բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ սա ավելի քիչ վերաբերում է թանգարանի կառավարմանը, և ավելի շատ՝ ՀՑԹԻ-ի վերակողմնորոշմանն ըստ աշխարհաքաղաքական առաջնահերթությունների, մասնավորապես Ադրբեջանի հետ ընթացող նորմալացման գործընթացի ֆոնին Ադրբեջանին առնչվող բռնությունների անկեղծ քննարկումից խուսափելու ձգտմանը:
Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտը զբոսաշրջային վայր չէ: Այն պատմական հիշողության և գիտության կենտրոն է՝ ժխտման ու խեղաթյուրման դեմ ամուր հենարան: Նրա ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից, այլ ոչ թե ենթարկված դրան: Դր. Գզոյանի հարկադիր հեռացումը ամենուր ակադեմիկոսներին ու պատմաբաններին հղում է սառեցնող ուղերձ. որ խիստ հետազոտությունն ու ճշմարտացի հիշատակումը կարող են զոհաբերվել դիվանագիտական հարմարության ի նպաստ:
Մենք բոլորս ակտիվ կապ ենք ունեցել ՀՑԹԻ-ի հետ բազմաթիվ էական ոլորտներում՝ մասնակցելով նրա գիտաժողովներին, ծառայելով «Հայոց Ցեղասպանության Ուսումնասիրությունների Միջազգային Հանդեսի» խմբագրական խորհրդում և ակադեմիական խորհրդում, համագործակցելով ՀՑԹԻ-ի և նրա աշխատակիցների հետ համատեղ գիտական նախաձեռնություններում, ինչպես նաև ոլորտին նպաստելով ակադեմիական հոդվածների և գրքերի հրատարակմամբ: Գզոյանն առանցքային դեր է կատարել ՀՑԹԻ-ի գործունեությանն ու ապագայի ձևավորմանը մեր ներգրավման գործում՝ իր ստեղծագործ տեսլականով և բացառիկ գիտնականությամբ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում