Հայաստան-Իրան սահմանին, տեղացիների բնորոշմամբ, անսովոր պասիվություն կա [մարտի 12-ի դրությամբ]։ Տաքսու վարորդները, որ սովորաբար զբաղված են լինում իրանցի զբոսաշրջիկներին Երևան հասցնելով, հավաքված են հենց անցակետի առաջ՝ սպասելով մի քանի ժամը մեկ սահմանը հատող մի քանի իրանցիների։ Ասում են, որ չնայած լրատվամիջոցները ներկայացնում են իբրև իրանցիների մեծ հոսք կա սահմանին, իրականությունն այդպես չէ. ընդհակառակը՝ շատ ավելի քիչ է, քան խաղաղ պայմաններում։ Ժամերով աչքները անցակետից չեն կտրում, ու իրանցի նկատելու դեպքում առավել ճարպիկն է նրանց Երևան տեղափոխում։
Սահմանը հատելիս իրանցիները խիստ զգուշավոր են լրատվամիջոցների հետ խոսելիս ու հիմնականում խուսափում են նույնիսկ առանց տեսախցիկի պատմել կատարվածը։ Իրանից եկող մի ընտանիք ոչ մի կերպ չհամաձայնեց խոսել տեսախցիկի առաջ։ «Եթե դուք հիմա անգամ կոշիկներս նկարեք, մեզ մեր երկրում կնույնականացնեն ու հետագայում այնտեղ վերադառնալու դեպքում ինչ ասես մեզ հետ կարող է պատահել»,- ասաց ընտանիքի հայրը՝ չցանկանալով նշել անունը։
«Պայթյունի ձայները մեր տնից լսվում էին, աղջիկս շատ վախեցած է։ Անձամբ ես ու իմ նման շատերը ուզում ենք, որ ռեժիմն ընկնի, բայց գիտակցում ենք, որ առանց ավերածությունների դա չի կարող լինել, քանի որ իշխանական վերնախավը հաճախ որպես հավաքատեղի կամ մնալու վայր ընտրում է քաղաքացիական շենքերը։ Թեպետ ուզում ենք, որ Իրանում իշխանությունը տապալվի, միևնույն ժամանակ անընդունելի է նավթի պաշարներին հարվածել, դա մեր երկրի, ժողովրդի հարստությունն է»,- նկատում է Իրանից Հայաստան եկած տղամարդը։
Նրա խոսքով՝ թեև Ամերիկան ու Իսրայելը կոչ են անում ժողովրդին բողոքի ցույցեր կազմակերպել Իրանում, բայց ժողովրդի համար դա կնշանակի մահվանն ընդառաջ գնալ։
«Իրանում իշխանությունները հայտարարում են, որ ով ցույցի դուրս գա, դեմ է աստծուն, հետևաբար պետք է մեռնի։ Ի՞նչ կարող է անել ժողովուրդը զենքի դեմ, իսկ ռեժիմը վստահորեն կսպանի վերջին իրանցուն, բայց չի հեռանա»,- ասում է Թեհրանի բնակիչը։
Իրանում կատարվող իրադարձությունների ֆոնին Հայաստանի հարավային քաղաքները՝ Մեղրին ու Ագարակը, շարունակում են ապրել բնականոն կյանքով, միայն թե այս պահին տեղացիները Իրան առևտրի չեն գնում։
«Տվյալ պահին որևէ արտասովոր իրավիճակ մեզ համար չկա։ Միայն թե սահմանին շարժն է դանդաղել, այստեղից արդեն տասն օր կլինի՝ հայերը Իրան չեն գնում, իսկ իրանցիների հոսքն էլ խիստ նվազել է։ Հուլիս-օգոստոս ամիսներին օրական 15-20 ավտոբուս զբոսաշրջիկ էր գալիս, հիմա՝ օրական մի քանի խումբ»,- պատմում է Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։
Համայնքապետարանն առայժմ չի շտապում նախապատրաստական քայլեր ձեռնարկել Իրանից մեծ թվով փախստականների ընդունելու համար։ Համայնքապետի խոսքով՝ դրա անհրաժեշտությունը դեռևս չկա, բայց ցանկացած նման իրավիճակի դեպքում պետությունը պատրաստ կլինի արձագանքելու։
Այսօր առավոտյան հայկական կողմում մոտ երկու կիլոմետր շարքով իրանական բեռնատարներ են կանգնած։ Համայնքապետի խոսքով՝ սա ոչ թե պայմանավորված է պատերազմական իրավիճակով, այլ իրանական կողմում հաճախ պատահող տեխնիկական խոչընդոտներով՝ հիմանակնում համացանցի հետ կապված ծրագրային խնդիրներով։
Ռիմա Գրիգորյան, Մեղրի
