Դա ոչ թե Անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ չկա տարբերակ, որ եկեղեցու խորանից, գիտական տրամաբանությամբ կամ հանրային տրամաբանությամբ հնչի «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը, և դա չբերի կոնֆլիկտի ինչ-որ մի պահի:

Այդ մասին ՀՀ վարչապետն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Ըստ Փաշինյանի՝ քաղաքական դաշտը դիրքավորվում է հետևյալ կերպ՝ խաղաղության կուսակցություն, որը ասում է, որ չպետք է շարունակել Ղարաբաղի շարժումը, և պատերազմի կուսակցությունը, որը ուղղակի կամ անուղղակի ասում է, որ պետք է շարունակել Ղարաբաղի շարժումը: Փաշինյանի խոսքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդի դերը», իսկ մյուսները, այդ թվում՝ նախկին երեք նախագահները, «տեղավորվում են այս տրամաբանության տակ»:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկա ընտրություններով քաղաքացիները պետք է որոշեն՝ Ղարաբաղի շարժումը շարունակվում է, թե ոչ, և ըստ նրա՝ եթե շարունակվի, ապա պատերազմ կլինի:

Ապա Փաշինյանը հիշեցրել է, որ իրենք առաջարկում են առաջիկա Սահմանադրության տեքստից հանել Անկախության հռչակագրին հղումը. «Դա ոչ թե Անկախության հռչակագիր է, այլ կոնֆլիկտի, հակամարտության հռչակագիր է»:

Ըստ նրա՝ Անկախության հռչակագրով պետություն է հիմնվել Լեռնային Ղարաբաղի և Արևմտյան Հայաստանի համար:

Փաշինյանը իր խոսքը եզրափակել է՝ նշելով. «Խոսքը ունի ուժ, խոսքը ունի հետևանք, խոսքը ունի բովանդակություն և իր մեջ գործողություն ունի: Եվ նրանք, ովքեր ամենաանմեղ ձևերով ասում են՝ Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունք, է Ադրբեջանն էլ իր հերթին է ասում՝ մենք էլ ունենք մարդիկ, որ վերադարձի իրավունք ունեն: Դուք էլ գիտեք՝ ինչ անուններով են դա անվանում, ես հիմա չեմ ուզում էդ ամեն ինչը կրկնեմ: Մենք պետք է էդ միջավայրը հասկանանք, բայց մենք նաև պետք է հասկանանք, որ մենք էսօր ֆիքսել ենք և ունենք խաղաղություն»:

Փաշինյանը ևս մեկ անգամ նշել է, որ թե՛ ընտրությանը գնացող, թե՛ չգնացող մարդիկ կատարելու են «Ղարաբաղյան շարժումը շարունակելու կամ չշարունակելու» ընտրությունը, և ինքը առաջնորդում է չշարունակելու շարժումը:

«Եթե շարունակում ենք, դա խաղաղություն է: Եվ խաղաղությունը ամեն օրվա հետ ուժեղանալու է, և անկախությունն է ամեն օրվա հետ ուժեղանալու, ինքնիշխանությունն է ամեն օրվա հետ ուժեղանալու, և Հայաստանի Հանրապետությունն է ամեն օրվա հետ ուժեղանալու»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն