armenpress.am Եվրոպական միությունը բարձր է գնահատում վերջին տարիներին միգրացիայի կառավարման բարելավման և ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը։ Այս մասին հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ հավելելով, որ կարևոր բարեփոխումներ են իրականացվում միգրացիոն ծառայությունների արդիականացման և միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, և ԵՄ-ն լիովին աջակցում է այդ ջանքերին։
2020 թվականից ի վեր ԵՄ-ն մոտ 30 միլիոն եվրոյի տեխնիկական աջակցություն է տրամադրել միգրացիայի և ներքին գործերի ոլորտում բարեփոխումներին օժանդակելու նպատակով՝ ներառյալ Արևելյան գործընկերության տարածաշրջանային ծրագրերի շրջանակում տրամադրելով սարքավորումներ և աջակցությունը։ Բացի այդ, մոտ 40 միլիոն եվրո տրամադրվել է արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով։
«270 միլիոն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի ծրագրի նման նախաձեռնությունների միջոցով մենք նաև օգնում ենք Հայաստանի ինստիտուտներն ամրապնդմանը ու դիմակայունությանը։ Միևնույն ժամանակ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ աջակցություն։ Մերձավոր Արևելքում ընթացող ճգնաժամը կարող է ստեղծել մարդասիրական և միգրացիոն լրացուցիչ ճնշումներ։ Նման իրավիճակներում մենք կշարունակենք սերտորեն համագործակցել Հայաստանի հետ՝ մարդասիրական կարիքներին պատշաճ արձագանքելու համար»,-ընդգծեց ԵՄ հանձնակատարը։
ԵՄ հանձնակատարը Հայաստան է ժամանել մարտի 12-ին: Հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, մասնակցել «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» խորագրով քննարկմանը: