azatutyun.am ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին և այսօր պատերազմի ընթացքում ամենաինտենսիվ հարվածները կհասցվեն, ռազմարշավի 14-րդ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
Փիթ Հեգսեթը հայտնել է, որ Իրանում առ այսօր 15,000 թիրախի են հարվածել և ոչնչացրել են նրանց հարձակողական կարողությունների մեծ մասը, շուտով կոչնչացվեն նաև պաշտպանության ոլորտի բոլոր ընկերությունները, որպեսզի չկարողանան զենք արտադրել:
Նախարարի պնդմամբ՝ Իրանի ղեկավարությունը հուսահատված է և թաքնվել է գետնի տակ, ինչպես անում են «առնետները»։ ԱՄՆ-ն տեղյակ է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը վիրավոր է, հավանաբար, այլանդակված, դրա համար էլ խուսափում է երևալ հանրությանը և առաջին ուղերձը տեքստային էր, ոչ թե տեսանյութ:
«Նրա հայրը մահացած է։ Նա վախեցած է, վիրավոր, փախուստի մեջ է և զուրկ լեգիտիմությունից։ Սա խառնաշփոթ է նրանց համար։ Ո՞վ է պատասխանատու Իրանում։ Նույնիսկ Իրանը կարող է չիմանալ դա», – նշել է Փիթ Հեգսեթը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։