1lurer.am Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը պնդում է, որ ԱՄՆ-ն շուտով կոչնչացնի Իրանի բոլոր պաշտպանական ձեռնարկությունները: Նրա խոսքով՝ բալիստիկ հրթիռների արտադրության օբյեկտները վերացվել են երկու օր առաջ։
Հեգսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մեծացնել իր ռազմական կարողությունները՝ Իրանի դեմ գործողության շրջանակում: «Այսօր կրկին կկիրառվեն ամենածավալուն հարվածները, որոնք Ամերիկան երբևէ հասցրել է Իրանի և Թեհրանի երկնքին։ Մարտական թռիչքների ու ռմբակոծությունների քանակն այս պահին ամենաբարձրն է»,- լրագրողներին ասել է Հեգսեթը։
ԱՄՆ պատերազմի նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են ավելի քան 15000 թիրախի՝ Իրանում ռազմական գործողության սկսվելուց ի վեր։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։