Վլադիմիր Վարդանյանը դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։
«Տեղեկացնում, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից իմ թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում։
Մասնագիտական աշխատանքս սկսել եմ Սահմանադրական դատարանի աշխատակազմում։ Ծառայության առավել քան 15 տարիների ընթացքում անցել եմ ճանապարհ՝ գլխավոր մասնագետից մինչ աշխատակազմի ղեկավար։
2019թ․ սկսած՝ ձեր կողմից տրված քվեով պատգամավոր ընտրվելուց և 2021թ․ վերընտրվելուց հետո, իրականացրել եմ օրենսդիր գործունեություն՝ զբաղեցնելով Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Վստահ եմ՝ հնարավորություն ունեցել եք հետևելու թե΄ իմ ելույթներին, թե΄ իմ գործունեությանը, որի առանցքում մշտապես գտնվել և գտնվելու են սահմանադրականության, իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության արժեքները։ Հավատացնում եմ ձեզ, որ նշված արժեքներով առաջնորդվելու եմ նաև Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու պարագայում։
ժողովրդավարական արժեքների, սահմանադրական արժեբանության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքն ու հավատամքն ուղեկցել են ինձ մասնագիտական գործունեությանս ամբողջ ընթացքում՝, անկախ զբաղեցրած պաշտոնից՝ մշտապես լինելով ուղեցույց ամենախրթին իրավիճակներում կողմնորոշվելու համար։
Տեղեկացնում եմ նաև, որ, առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու եմ նաև խորհրդարանական գործունեությունս։
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվոլու պարագայում խոստանում եմ լինել անկախ, անաչառ, զերծ որևէ ազդեցությունից ու քաղաքական որևէ նախասիրությունից՝ առաջնորդվելով բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և ապահովելով Սահմանադրության գերակայությունը»,- ասված է գրառման մեջ։