1lurer.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս Վաշինգտոնը չի ծրագրում Իրանում հարստացված ուրանի առգրավման գործողություններ իրականացնել, սակայն ապագայում նման ծրագրեր կարող են ի հայտ գալ:
«Մենք դրա վրա չենք կենտրոնացած, բայց որոշ պահի դա հնարավոր է: Այժմ մենք կենտրոնանում ենք նրանց հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ռմբակոծելու վրա»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփը հարցազրույցում նաև հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կավարտի, երբ «ենթագիտակցորեն» հասկանա, որ արդեն ժամանակն է։
Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է, որ նավթի ու մյուս ապրանքների գները կսկսեն անկում ապրել գործողության ավարտից անմիջապես հետո:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։