ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի Խարգ կղզում գտնվող բոլոր ռազմական թիրախները․ Թրամփ | factor.am

factor.am ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը իրականացրել է «Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենահզոր ռմբակոծություններից մեկը» և «լիովին ոչնչացրել է բոլոր ռազմական թիրախները» Իրանի Խարգ կղզում, որտեղ գտնվում է երկրի ամենամեծ նավթային տերմինալը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է իր Truth Social էջում արված գրառմամբ։

«Իմ հրահանգով, Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը իրականացրեց Մերձավոր Արևելքի պատմության ամենահզոր ռմբակոծություններից մեկը և ամբողջությամբ ոչնչացրեց Իրանի «թագի զարդը»՝ Խարգ կղզում գտնվող բոլոր ռազմական թիրախները: Մեր զենքերը ամենահզորն ու բարդն են, որ աշխարհը երբևէ տեսել է, բայց, պարկեշտության նկատառումներից ելնելով, ես որոշել եմ չոչնչացնել կղզու նավթային ենթակառուցվածքները: Այնուամենայնիվ, եթե Իրանը կամ որևէ մեկը ինչ-որ բան անի՝ խանգարելու նավերի ազատ և անվտանգ անցմանը Հորմուզի նեղուցով, ես անմիջապես կվերանայեմ այս որոշումը:

․․․Իմ առաջին ժամկետի ընթացքում և ներկայումս ես մեր բանակը վերակառուցեցի՝ դարձնելով այն ամենամահացու, հզոր և արդյունավետ ուժ, անկասկած, աշխարհի ցանկացած վայրում: Իրանը ՈՉ ՄԻ կարողություն չունի պաշտպանելու այն ամենը, ինչի վրա մենք ցանկանում ենք հարձակվել. նրանք ոչինչ չեն կարող անել դրա դեմ: Իրանը ԵՐԲԵՔ չի ունենա միջուկային զենք, ոչ էլ կունենա սպառնալու կարողություն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Մերձավոր Արևելքին կամ, առհասարակ, աշխարհին»,- գրել է Թրամփը ու քիչ անց նաև տեսանյութ հրապարակել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն