Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի Խարգ կղզու նավթային ենթակառուցվածքներին | civilnet.am

civilnet.am Իրանական Fars գործակալության տվյալներով՝ Խարգ կղզում լսվել է ավելի քան 15 պայթյուն. հարվածներ են հասցվել հակաօդային պաշտպանության համակարգերին, ռազմածովային բազային և օդանավակայանին, սակայն նավթային ենթակառուցվածքները չեն վնասվել:

Իրանական կողմը հայտնել է նաև հինգ անօդաչու թռչող սարք խոցելու մասին:

Խարգ կղզին Իրանի տնտեսական և ռազմավարական կայունության հիմնասյունն է, քանի որ հանդիսանում է երկրի հում նավթի արտահանման գլխավոր հաբը: Դրա միջոցով իրականացվում է Իրանի նավթային արտահանման ավելի քան 90 տոկոսը, ինչը կղզին դարձնում է պետական բյուջեի եկամուտների հիմնական աղբյուրը: Բացի տնտեսական նշանակությունից, կղզին ունի կարևոր աշխարհագրական դիրք Պարսից ծոցի հյուսիս-արևելքում և ծառայում է որպես հզորացված ռազմական պատվար՝ հագեցած հակաօդային պաշտպանության համակարգերով ու ռազմածովային բազաներով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը իրականացրել է «Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենահզոր ռմբակոծություններից մեկը» և «լիովին ոչնչացրել է բոլոր ռազմական թիրախները» Իրանի Խարգ կղզում․

«Պարկեշտության նկատառումներից ելնելով՝ ես որոշել եմ չոչնչացնել կղզու նավթային ենթակառուցվածքները, [բայց] եթե Իրանը կամ որևէ մեկը ինչ-որ բան անի՝ խանգարելու նավերի ազատ և անվտանգ անցմանը Հորմուզի նեղուցով, ես անմիջապես կվերանայեմ այս որոշումը»,- գրել է Թրամփը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն