Բրոնզեդարյան տեխնոլոգիաները ժամանակակից մարդու ձեռքերում․ Փորձարարական հնագիտության լաբորատորիայից ներս

– Ես բրոնզեդարյան նետ ու աղեղո՜վ եմ կրակել,- սա առաջին բանն էր, որ ասացի մերոնց Փորձարարական հնագիտության լաբորատորիայից վերադառնալուց հետո։

Այդ նետն ու աղեղն, իհարկե, Բրոնզի դարում չի ստեղծվել․ այն պարզապես վերստեղծած է այնպես, ինչպես կսարքեր բրոնզե դարի դարբինը՝ նույն նյութերով, նույն մեթոդներով․․․ Այս երևույթը կոչվում է փորձարարական հնագիտություն, իսկ համանուն լաբի ղեկավար Բենիկ Վարդանյանը մեզ ավելի մանրամասն կպատմի, թե․․․

Ինչ է փորձարարական հնագիտությունը

Փորձարարական հնագիտության կարևոր սկզբունքներից մեկը հետազոտվող առարկայի վերականգնման ժամանակ նույնական տեխնոլոգիաների կիրառումն է։ Հնագետներն այս լաբորատորիայում իրավունք չունեն բրոնզեդարյան զենքը կամ այլ իրեր վերստեղծել ժամանակակից տեխնոլոգիաներով։ Նրանք պեղումների ժամանակ հայնաբերած գտածոները նախ ուսումնասիրում են լաբորատորիայում, իսկ երբ անհրաժեշտ է լինում լիարժեք հասկանալ դրանց պատրաստման մեթոդները, կիրառությունը, մշակութային, ռազմական և կամ տնտեսական նշանակությունը, սկսում են պատրաստել դրանց կրկնօրինակները։ Նախ ուսումնասիրվում է առարկայի կառուցվածքը, ապա այն չափագրվում է, մոդելավորովում, ու վերջապես՝ պատրաստվում է կրկնօրինակը։

Բենիկ Վարդանյանը

Փորձարարական հնագիտության լաբորատորիան հիմնվեց 2023-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Հնագետ Բենիկ Վարդյանյանը մինչ այդ էլ հետաքրքրված էր բրոնզեդարյան պատմությամբ, մարդկանցով ու ապրելակերպով։ Նրա խոսքով՝ այդ ժամանակաշրջանի հասարակության կառուցվածքն ու համակարգը, այդ թվում՝ առևտրային հարաբերությունները և ուղիները, միջմշակութային կապերը կենսունակ են մինչ օրս։ 

«Ինձ համար բրոնզեդարյան ժամանակաշրջանի հետազոտությունը առաջին հերթին հետաքրքիր է տեխնոլոգիական, սոցիալ-մշակութային, տնտեսական տեսակետից, և թե ինչպես էր Հայկական լեռնաշխարհն ինտեգրվում համաշխարհային տնտեսության մեջ, ինչպես էին ձևավորվում պետական կազմավորումները»։

2023-ին Բենիկը ծանոթացավ հնագետ Իվան Սեմյանի հետ, և գիտնականները որոշեցին  միասին բրոնզի դարը հետազոտել փորձարարական հնագիտության լույսի ներքո։ Լաբորատորիայի խորհրդատուն դարձավ Կոլոլորադայի համալսարանի պրոֆեսոր Իգոր Չեչուշկովը։ 

Բրոնզի դարի մարդիկ

Բրոնզեդարյան զենքերի մասին մտածելիս մինչ վերջերս պատկերացնում էի թրով կամ նետ ու աղեղով զինված զրահապատ մարտիկի՝ գլխին՝ սաղավարտ, կողքին էլ՝ հսկա, սև ձի։ Բայց երբ Փորձարարական հնագիտության լաբորատորիայի դուռը բացվեց, և ներս մտավ Իվան Սեմյանը՝ ձեռքին նետ ու աղեղ, հասկացա, որ բրոնզեդարյան այդ զենքը կարող է համադրվել նաև ոչ այնքան բրոնզեդարյան կոստյումի հետ։ 

Իվան Սեմյանը փորձարկում է բրոնզեդարյան տեխնոլոգիայով վերակազմված նետն ու աղեղը

Իվան Սեմյանը Հայաստան է եկել 2020-ին․ մինչ այդ փորձարարական հնագիտությամբ էր զբաղվում Հարավային Ուրալի պետական համալսարանում։ Հայաստան տեղափոխվելու պատճառը Ռուս-ուկրաինական պատերազմն էր։ 

«Երբ պատերազմը սկսվեց, Ռուսաստանում հետազոտություններով զբաղվելն ու միջազգային նախագծեր իրականացնելը շատ դժվար դարձան։ Ոստի ես և ընտանիքս որոշեցինք տեղափոխվել Հայաստան և մեր գործունեությունը շարունակել այստեղ»։

– Եթե հնարավորություն ունենայիք իրական ժամանակում դիտարկել Բրոնզի դարի մարդկանց կյանքը, ի՞նչ տեսարան կամ իրավիճակ կցանկանայիք առաջինը տեսնել։

– Հավանաբար, կցանկանայի տեսնել հասարակ մարդկանց կյանքը,- պատասխանում է Իվան Սեմյանը, որը պատմությամբ ու հնագիտությամբ որոշեց զբաղվել, երբ դեռ 6-7 տարեկան էր։ Ծնողները նրան գույնզգույն հանրագիտարաններ էին նվիրել, որտեղ ամենաշատը նրան հետաքրքրում էին պատմության և հնագիտության հատորները։ Ասում է՝ երևի թե հենց այդտեղից էլ գալիս է սերը հնագիտության հանդեպ։ Իրենց գործն արեցին նաև Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմերը։ 

Չնայած Իվանը մասնագիտական ուղին սկսեց միջնադարն ուսումնասիրելուց, բայց շուտով բրոնզեդարյան մարդկանց կյանքի անցուդարձը նրան սկսեց ավելի հետաքրքրել։

Իվանը Ջրաձորի հնավայում, հունիս, 2025

Գիտնականն ասում է՝ այն, ինչ մենք հաճախ տեսնում ենք հնագիտության մեջ, էլիտաների կյանքն է՝ մեծ հեղինակություն կամ սոցիալական բարձր դիրք ունեցած մարդկանց հագուստը, զենքերը, կաշվե իրերը, երբեմն էլ պահպանված գործվածքները։ Եվ հաճախ հենց այդ գտածոների հիման վրա են հնագետները եզրակացություններ կազմում մի ամբողջ հասարակության մասին։ Գրավոր աղբյուրները ևս այս կամ այն կերպ կապված են հասարակության վերին շերտերի հետ։ 

Բայց ի՞նչ է թաքնված բրոնզեդարյան հասարակ մարդու կենցաղի և անցուդարձի մեջ․ այս հարցն է, որ հնագետին շատ է հետաքրքրում։ Նա իրենց աշխատանքը համեմատում է փազլի հետ. հնագետի հիմնական առաքելությունն է դառնում գտնել այդ փազլի կտորները, որ հավաքվում են տվյալներից, առանձին առարկաներից, նյութական մշակույթի յուրաքանչյուր տարրից՝ լինի կացին, սուր, նիզակ կամ որևէ այլ իր։

Լաբորատորիայից ներս

Հենց բացում ես Փորձարարական հնագիտության լաբորատորիայի դուռը, դիմացդ մեծ պահարան է, իսկ դարակներում շարված են տարբեր չափերի գտածո անոթներ։ Հետո հայացքդ կանգ է առնում մարդու գանգի նմանությամբ գավաթի վրա։ Բարեբախտաբար՝ դա ինչ-որ մեկի գանգը չէ․ վերակազմություն է։ Թեև, եթե Բրոնզի դարում ապրեիք, չէր բացառվի, որ գինին ձեր թշնամու գանգից սարքած բաժակով խմեիք։ 

Փորձարարական հնագիտության լաբորատորիայում

Իսկ ամենահետաքրքիրը առաջին հայացքից ոսկյա թվացող, սակայն իրականում բրոնզից զենքերն են, որոնք վերստեղծված են Բրոնզի դարի մարդու ձեռագրով։

Հարց է առաջանում, թե ինչու են զենքերն առաջին հայացքից ոսկյա թվում։ Իվան Սեմյանն, իրենց վերստեղծած սակրերը ձեռքին, բացատրում է՝ շատերիս մոտ բրոնզը ասոցացվում է մուգ շագանակագույնի կամ խամրած վարդագույնի հետ, մինչդեռ այդ գույնը բրոնզը ստանում է ժամանակի ընթացքում, երբ չի մաքրվում ու չի փայլեցվում։ Թարմ պատրաստված կամ լավ խնամված բրոնզն ունի պայծառ, տաք մետաղական երանգ՝ դեղնավուն, գրեթե ոսկեգույն փայլով, իսկ Բրոնզի դարում զենքերը պարբերաբար խնամում էին։ 

Գիտնականների վերստեղծած զենքերից (թերթեք բոլորը նկարները տեսնելու համար)

Մետաղյա զենքերն, ըստ Իվանի, փոխել են հնագույն մարդկանց պատկերացումներն իրենց ու աշխարհի մասին։ Գիտնականն ասում է՝ Քարի դարում մարդը բնության մեջ էր ապրում և դեռ վախենում էր այն ամենից, ինչ շրջապատում էր իրեն։ Բնության հետ նրա հարաբերությունները սահմանափակվում էին աղոթքներով։

Բայց երբ մարդը գտնում է մետաղը, իսկ ավելի ուշ՝ առաջին իսկական արհեստական նյութը՝ բրոնզը, սկսում է իրեն ընկալել որպես ստեղծարար անհատ։ Նա հասկանում է, որ տարբերվում է շրջապատից․ կենդանիների նման չէ։ Իվանը հետաքրքիր համեմատություն է անում՝ բացատրելու տարբեր ժամանակաշրջանների մարդկանց աշխարհընկալումները։

«Եթե մեզոամերիկյան ցեղի հնդիկին, որը մինչ օրս ապրում է քարեդարյան կյանքով, հարցնենք՝ ո՞վ է ավելի ուժեղ, դո՞ւ, թե՞ հովազը, նա կպատասխանի՝ ոչ ոք ավելի լավը չէ․ աստվածները մեզ պարզապես տարբեր են ստեղծել։ Մինչդեռ Բրոնզի դարի մարդը կասի՝ իհարկե, ե՛ս եմ ավելի ուժեղ, աստվածներն ինձ ստեղծել են, որ ես կենդանիներին ուտեմ։ Եվ այս մարդակենտրոն մտածողությունը մինչև օրս մեզ հետ է։ Մենք դեռ մտածում ենք, որ մարդը՝ որպես տեսակ, էվոլյուցիայի գագաթնակետն է, ամենախելացին»․․․

Հնագիտության ռոմանտիկան

Եթե ձեր երեխան «Պապիրուսի արկածները» դիտելուց հետո որոշի հողամասը պեղել, նրան մի խանգարեք․ գուցե հնագետ դառնալը նրա կոչումն է։ Հենց այս մուլտֆիլմն էր, որ 10-11 տարեկան Բենիկ Վարդանյանի մոտ հնագիտության հանդեպ հետաքրքրություն առաջացրեց։ Իսկ ուսանողական տարիներին Մեծ Սեպասարում առաջին անգամ պեղումներին մասնակցելը որոշեց ապագա հնագետի ճանապարհը։ 

Այսօր արդեն Բենիկի ղեկավարած արշավախմբերը պեղումներ են իրականացնում Ջրաձորում, Լեռնակերտում և Հայաստանի այլ հնավայրերում։ 

Պեղումներ Ջրաձորի հնավայրում, հունիս, 2025 (թերթեք բոլորը նկարները տեսնելու համար)

Հնագիտական հուշարձանի հայտնաբերումից ու գրանցումից հետո պեղումներն իրականացվում են մի քանի փուլով։ Նախ, տարբեր մասնագետներից կազմված արշավախումբ է ձևավորվում, ապա նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, և երբ եղանակային համեմատաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվում, սկսվում են բուն պեղումները, որոնք կարող են տևել տարիներ։

Պեղումների ընթացքում հնագետները հողը հեռացնում են շերտ առ շերտ։ Հողի շերտերում հայտնվում են խեցեղեն, քարե գործիքներ, երբեմն՝ զարդեր։ Իսկ երբ բախտը ժպտում է, նշմարվում են մետաղական առարկաներ՝ դաշույններ, նիզակներ, սակրեր։

Բենիկի համար դժվար է ընտրել պեղումների ժամանակ իր համար ամենատպավորիչ պահը․ գիտնականը շեշտում է՝ հայտնաբերված յուրաքանչյուր իր, խեցու, ոսկորի ամեն կտոր տպավորիչ է։

«Այստեղ կարևորն այն չէ, թե ինչ ես հայտնաբերում, այլ այն, թե ինչպես ես դա հայտնաբերում։ Դա է ամբողջ ռոմանտիկան հնագիտության մեջ»։

Միայն գտածոների հայտնաբերումը, թվագրումն ու արտաքին զննությունը, սակայն, բավարար չեն։ Այստեղ է, որ գործի են դրվում փորձարարական հնագիտության մեթոդները․ գիտնականները փորձում են նույնությամբ կրկնել բրոնզեդարյան հասարակության փորձառությունն ու վերստեղծել նրանց ստեղծածը՝ այդկերպ ավելի լավ ճանաչելով այդ հասարակությանը։

Հնագիտությունը եռաչափ իրականության մեջ

Երբեմն էլ հնագիտության ռոմանտիկան հասկանում ես, երբ զինվորական ծառայության ես անցնում։ Այդպես եղավ Ռուբեն Սարգսյանի հետ։ Նա մինչև բանակ գնալն ուզում էր դիզայներ դառնալ ու այդ ուղղությամբ կրթություն էր ստանում։ 

«Երկու տարի բանակում ժամանակ կար տնտղելու ու մտածելու, թե ինչ եմ ուզում իմ կյանքից։ Երբ վերադարձա, որոշեցի ամեն ինչ փոխել․ գրաֆիկ դիզայնը թողնել և գնալ պատմության, հնագիտության ոլորտ»։

Ռուբենն ասում է՝ երբ դեռ ոլորտը չէր փոխել, հնագիտությունն իր համար «անհաս փառքի ճամփա» էր թվում։ 

«Երբ իմանում էի, որ ինչ-որ մեկը հնագետ է, ասում էի՝ վա՜յ, կարելի՞ է՝ Ձեզ հետ շփվեմ, մի երկու բան պատմեք»,- ծիծաղելով հիշում է նա։

Ռուբեն Սարգսյանը

Ճամփան սկսեց այնքան էլ անհաս չթվալ, երբ Ռուբենը ծանոթացավ Բենիկի հետ։ Երբ հիմնադրվում էր Փորձարարական հնագիտության լաբորատորիան, Ռուբենը Հայաստանում միակ ճարտարագետն էր, որ զբաղվում էր հուշարձանների եռաչափ մոդելավորմամբ։ Թիմին միանալը ժամանակի հարց էր։ 

Փորձարարական հնագիտության լաբորատորիայում եռաչափ մոդելավորումը թույլ է տալիս թվային միջավայրում վերարտադրել հնագիտական առարկաները և հնավայրերը, ստուգել դրանց կառուցվածքն ու գործառույթը։

Հնագիտական միջավայրը եռաչափ իրականությունում (հեղինակ՝ Ռուբեն Սարգսյան)

Ռուբենն ասում է՝ հնագիտական արշավախմբերում ներգրավված են տարբեր մասնագետներ՝ ճարտարագետից մինչև մարդաբան ու արվեստաբան, և եռաչափ վերականգնմամբ զբաղվելու համար պետք է ամեն ինչից մի քիչ-մի քիչ հասկանալ։ 

Հնագետի ճանապարհը դաշտից է սկսվում

«Ուսանողների մասնակցությունը հնագիտական պեղումներին ամենակարևոր խնդիրներից մեկն է սերնդափոխության, կադրերի պատրաստման տեսակետից»,- ասում է Բենիկ Վարդանյանը:

Գիտնականն ինքը առաջին պեղումներին մասնակցել է դեռ ուսանող տարիներին՝ Մեծ Սեպասարի հնավայրում, որտեղ արեց իր առաջին կարևոր բացահայտումը․ հայտնաբերեց գետնաթաղ վառարան, որն ուներ թե՛ ծիսական, թե՛ կենցաղային նշանակություն։ Այդ փորձը նրան վերջնականապես համոզեց մասնագիտական ընտրության հարցում։

Այդ պատճառով էլ Բենիկը չափազանց կարևոր է համարում պեղումներին ուսանողների ներկայությունը․ նրանք պետք է հենց տեղում հասկանան, թե ինչպես է տեղի ունենում հուշարձանի հայտնաբերումը, ինչպես հուշարձանը տարբերակել ժայռից, ինչպես խեցին տարբերել քարից, ինչպես գտնել հյուսիսը և այլն։ 

Համլետ Սողոմոնյանը լաբի ամենաերիտասարդ անդամն է։ Սովորում է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի հնագիտություն և ազգագրության ամբիոնի 2-րդ կուրսում։

Համլետ Սողոմոնյան

Համլետը հիշում է, թե ինչպես էր դասերից մեկի ժամանակ իրենց հյուր եկել Բենիկը՝ պատմելով պեղումների մասին։ Հենց այդ ժամանակ էր, որ ուսանողին սկսեց հետաքրքրել հնագիտությունը։

Շուտով Համլետը Բենիկի արշավախմբի կազմում մասնակցեց իր առաջին պեղումներին։ Դա էլ դարձավ այն ճանապարհը, որն ուսանողին բերեց դեպի Փորձարարական հնագիտության լաբորատորիա։

Համլետի համար լաբորատորիան դարձավ կարևոր դպրոց գիտական մտածողության ձևավորման ճանապարհին։ Ասում է՝ այստեղ ինքը սովորում է անցյալն ընկալել ոչ թե որպես գեղարվեստական պատմություն, այլ որպես գիտական ուսումնասիրության առարկա, ինչը կարևոր է իր հետագա մասնագիտական գործունեության համար։

Լաբորատորիայում ապագա հնագետի հիմնական գործառույթը դամբարաններում հայտնաբերված զենքերի ուսումնասիրությունն է։ Նա զբաղվում է դրանց տեղադրության, տեսակի, տիպաբանության, հումքի և դամբարանում ունեցած դիրքի վերլուծությամբ։

Փորձարարական հնագիտության լաբորատորիայի գիտնականները պատմում են, թե ինչպես է ընթանում բրոնզեդարյան զենքերի ու այլ իրերի վերակազմությունը

Պեղենք նաև ոլորտի խնդիրները

Հայաստանում և, ընդհանրապես, աշխարհում հնագիտական աշխատանքներով զբաղվելը բավական բարդ և թանկարժեք հաճույք է։ Բենիկ Վարդանյանն է այս մասին պատմում։ Գիտնականը նշում է՝ հնագիտական արշավախումբ ունենալը ենթադրում է ոչ միայն մարդկային ռեսուրսների, այլ նաև, առաջին հերթին, ֆինանսական ռեսուրսների առկայություն։ Հնագետի խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին ավելանում են գիտության ֆինանսավորումը, արշավախմբերին հատկացվելիք միջոցները, և եթե համեմատենք միջազգային փորձի հետ, հայաստանյան գիտությունն այս պահին ունի պոտենցիալ ավելի զարգանալու։  

«Այսօր հնագետները բախվում են հիմնականում մարդկային ռեսուրսների սակավության համակարգային խնդիրների հետ, և միշտ չէ, որ համալսարանը պատրաստում է այն կադրը, որն անհրաժեշտ է գիտությանը»։

Բենիկը, որ դասավանդում է համալսարանում, նկատում է՝ համալսարանական ծրագրերում փոփոխություններ կան՝ թե՛ դրական, թե՛ բացասական։ Դրականներից մեկն այն է, որ ուսանողներին արդեն առաջին կուրսից սովորեցնում են գիտամեթոդական հմտություններ։ Գիտնականը հիշում է՝ նախկինում կային մագիստրանտներ, որոնք անգամ գրականության ցանկ կազմել չէին կարողանում, իսկ հիմա այդ հմտությունները ձևավորվում են շատ ավելի վախ, ինչն ավելի է մոտիվացնում ուսանողներին։

Բացասական կողմերին անդրադառնալով՝ հնագետը նշում է՝ չկան համապատասխան դասագրքեր, հայերենով կամ հասանելի այլ լեզուներով ամփոփիչ աշխատություններ։ Բացի դրանից՝ ուսանողները ծանրաբեռնված են բազմաթիվ ոչ մասնագիտական առարկաներով, որոնք մեծ ռեսուրս և ժամանակ են խլում։

«Համակարգային մոտեցում է անհրաժեշտ, որ կրթական բլոկում արմատական փոփոխություններ տեղի ունենան»։

Բենիկն ամառային դպրոցի ուսանողներին ծանոթացնում է Հողմիկի հնավայրին, հունիս, 2025 (թերթեք բոլոր նկարները տեսնելու համար)

Մարդկային ռեսուրսի խնդիրը լուծելու համար Փորձարարական հնագիտության լաբորատորիան մի քանի տարի շարունակ մի քաղաքականություն է որդեգրել․ տարբեր հուշարձաններում կատարվող պեղումներին զուգահեռ կազմակերպում են ամառային հնագիտական դպրոցներ։ Դրանց թիրախային խումբը Հայաստանի և Վրաստանի հայ ուսանողներն են։ Այդ ամառային դպրոցների ընթացքում նրանց հնարավորություն է տրվում մասնակցելու պեղումներին։ Դպրոցի մասնակիցներից է նաև Համլետը, որն այժմ թիմի անդամ է։

«Փորձում ենք ոչ միայն ներկայացնել փորձարարական հնագիտությունը, այլ նաև նպաստել վերջինիս մասսայականացմանը»։

 

***

– Ի՞նչ նետ ու աղեղ․․․

– Բրոնզեդարյան։

– Հա՜․․․

Երբ տանը պատմեցի Փորձարարական հնագիտության լաբորատորիայից ստացած տպավորություններիս մասին, առաջինը մայրիկս արձագանքեց․ նրան էլ հետաքրքրեց, թե ինչ տեսք ունեն բրոնզեդարյան զենքերը։ Ես, իհարկե, պատմեցի, ինչ գիտեի, բայց մի բան է լսել, մեկ այլ բան՝ սեփական աչքով տեսնել ու հենց այդ զենքերը վերակազմած գիտնականներից իմանալ դրանց նշանակության մասին։ Իսկ այս պատմությունը փորձ էր օգնելու, որ դուք էլ ձեր աչքով տեսնեք ու գիտնականներից լսեք, թե ինչ է փորձարարական հնագիտությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Ռոման Աբովյանի

Նյութը պատրաստավել է «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացի շրջանակում