Armenpress.am Գերմանիան դիվանագիտական ջանքեր է գործադրում՝ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ զգուշացնելով, որ երկարատև պատերազմը լուրջ ռիսկեր է պարունակում Եվրոպայի անվտանգության և տնտեսական շահերի համար։
«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Իրանում պատերազմը դադարեցնելու համար և օգտագործում ենք բոլոր դիվանագիտական ուղիները։ Հույս ունենք գտնել պատերազմը հնարավորինս արագ դադարեցնելու ուղիներ, քանի որ այն ոչ մեկի համար անհրաժեշտ չէ և շատերին տնտեսական վնաս է հասցնում, այդ թվում՝ նաև մեզ», – հավելել Գերմանիայի կանցլերը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։