armenpress.am Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մարտի 15-ին հեռախոսազրույց է ունեցել՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով իրադրությունը Մերձավոր Արևելքում։ Այս մասին ասվում է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
«Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Հորմուզի նեղուցի վերաբացման կարևորությունը՝ վերջ տալու համաշխարհային նավագնացության խափանումներին, որոնք ամբողջ աշխարհում գների աճի պատճառ են դարձել», – ասվում է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։
Սթարմերը նաև ցավակցություն է հայտնել հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների համար։
Հեռախոսազրույցի մասին Սպիտակ տունը որևէ հայտարարություն չի արել։
Իրանն արգելել է նավթային լցանավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում սկսեցին իրանական կողմի դեմ՝ պատճառաբանելով պաշտոնական Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակման ծրագրերով։ Ի պատասխան իրանական կողմը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին ու Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Պատերազմի հետևանքով տուժել են նաև Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավեր ու լցանավեր։