armenpress.am Բահրեյնը և Քուվեյթը հերթական անգամ երկարաձգել են թռիչքների արգելքն իրենց օդային տարածքում, որը գործում է փետրվարի 28-ից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մերձավոր Արևելքի ավիակարգավարական ծառայությունների աղբյուրը:
«Բահրեյնը և Քուվեյթը կրկին երկարաձգել են երկնքի փակումը ևս 12 ժամով», – ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ այդպիսով այդ երկրների երկինքը փակ է արդեն 16-րդ օրը:
Աղբյուրը հայտնել է, որ Բահրեյնում իրականացվում են առանձին թռիչքներ հատուկ թույլտվություններով Մանամայի օդանավակայանից դեպի հարևան Սաուդյան Արաբիա ամենակարճ միջանցքով:
Բահրեյնի և Քուվեյթի օդային տարածք փակվել է փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։