Ստեղծվում է վտանգավոր նախադեպ, ըստ որի՝ գիտական և հիշողության ինստիտուտների գործունեությունը կարող է ենթարկվել քաղաքական վերահսկողության․ «Գիտուժ»-ը՝ Գզոյանի հրաժարականի մասին

«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պարտադրված հրաժարականին․

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պարտադրված հրաժարականի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում գիտական հաստատությունների ինքնավարության և ինստիտուցիոնալ անկախության տեսանկյունից։

Հանրային գիտահետազոտական հաստատության ղեկավարը քաղաքական պաշտոնյա չէ և չի կարող գնահատվել ընթացիկ ներքին կամ արտաքին քաղաքական նպատակահարմարության չափանիշներով։ Եթե գիտական հաստատության ղեկավարի մասնագիտական գործողությունները ներկայացվում են որպես «արտաքին քաղաքականությանը հակասող» կամ «սադրիչ», ապա ստեղծվում է վտանգավոր նախադեպ, ըստ որի՝ գիտական և, տվյալ դեպքում նաև, հիշողության ինստիտուտների գործունեությունը կարող է ենթարկվել քաղաքական վերահսկողության։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ոչ միայն պետական, այլև համազգային և միջազգային հեղինակություն ունեցող գիտական կառույց է։ Նրա ղեկավարության նկատմամբ քաղաքական միջամտությունը հարվածում է հաստատության վստահելիությանը, միջազգային հեղինակությանը և Հայաստանի գիտական միջավայրի անկախությանը։ Այս մտահոգությունն արդեն հնչեցվել է նաև քսանից ավելի հեղինակավոր միջազգային ցեղասպանագետների կողմից։

Եթե գիտական հաստատության ղեկավարը կարող է հեռացվել իր մասնագիտական աշխատանքի բովանդակության համար, ապա վտանգի տակ է հայտնվում ոչ միայն մեկ տնօրենի պաշտոնը, այլև Հայաստանի գիտական հաստատությունների մասնագիտական ինքնավարության սկզբունքը։ Հետևաբար, անհրաժեշտ է կամ ներկայացնել լիարժեք, հրապարակային և իրավաչափ հիմնավորում, կամ վերականգնել տնօրենի լիազորությունները՝ թափանցիկ ընթացակարգով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը ազատվել է աշխատանքից։ Գզոյանը ուղեկցել էր Վենս ամուսիններին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, որտեղ պատմել էր Սումգայիթի, Բաքվի, Գանձակի արյունոտ իրադարձությունների, նաև արցախյան պատերազմի մասին։ Գզոյանը Ջեյ Դի Վենսին էր փոխանցել Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր:

Ավելի ուշ պարզվեց, որ Էդիտա Գզոյանը հրաժարականի դիմում է գրել Փաշինյանի ցուցումով: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ գիրք նվիրելը ինքը համարել է «Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն»:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ վարչապետի նախկին օգնական Հրաչյա Թաշչյանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն