azatutyun.am Գերմանիան չի տեսնում ՆԱՏՕ-ի պաշտպանական դաշինքի դերը Հորմուզի նեղուցի շրջափակման հարցում: Այսօր Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։
«Ես չեմ տեսնում, որ ՆԱՏՕ-ն այս ուղղությամբ որևէ որոշում է ընդունել կամ կարող է պատասխանատվություն ստանձնել Հորմուզի նեղուցի համար։ Եթե նման բան լիներ, ապա ՆԱՏՕ-ի մարմինները համապատասխան ձևով կքննարկեին այդ հարցը»,- ասել է Վադեֆուլը՝ ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մինչդեռ, ուժեղացրել է ճնշումը եվրոպացի դաշնակիցների վրա՝ կոչ անելով նրանց օգնել պաշտպանել նեղուցը։ Նա նախազգուշացրել է, որ եթե դաշինքի անդամները չաջակցեն Վաշինգտոնին, NATO-ին սպասվում է «շատ վատ» ապագա։
ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասն էլ հայտարարել է, որ ԵՄ անդամ պետությունները կքննարկեն, թե եվրոպական կողմից ինչ կարելի է անել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար:
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա՝ որպես ճնշման գործիք։