Հունգարիան կարգելափակի Ուկրաինային վարկի տրամադրումը և ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները, քանի դեռ «Դրուժբա»-ով նավթ չի մատակարարվում | armenpress.am

armenpress.am Հունգարիան կշարունակի արգելափակել Ուկրաինային վարկի տրամադրումը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի հաստատումը, քանի դեռ չեն վերսկսվել «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների գագաթնաժողովին ժամանելիս:

«Մեր դիրքորոշումն անսասան է և հստակ, և կարծում եմ՝ հեշտ հասկանալի։ Քանի դեռ ուկրաինացիներն այդպես են վարվում մեզ հետ, քանի դեռ նրանք չեն վերսկսում նավթի մատակարարումները քաղաքական պատճառներով և քանի դեռ նրանք փորձում են նավթի մատակարարման ճգնաժամ առաջացնել Հունգարիայում, ապա այս ամենը չի քննարկվում: Մենք չենք քվեարկի 90 միլիարդ եվրո պատերազմական վարկի կամ Ուկրաինայի համար որևէ այլ ֆինանսական աջակցության օգտին, ոչ էլ կհաստատենք պատժամիջոցների 20-րդ փաթեթը, իսկ ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, ապա նրանք կարող են պարզապես մոռանալ այդ մասին։ Այսպիսին է մեր դիրքորոշումը», – Սիյարտոյի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:

Նա նշել է, որ Հունգարիան չի ցանկանում, որ միայն Խորվաթիան նավթ մատակարարի իրենց, քանի որ չի ցանկանում կախված լինել միայն մեկ խողովակաշարից:

Հունգարիան և Սլովակիան Ուկրաինային մեղադրում են «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները քաղաքական պատճառներով չվերսկսելու համար: Ուկրաինան հայտարարում է, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածներից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն