ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, արձանագրել է «Իզմիրլյան» ԲԿ-ի գործով գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Այսպիսով, «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին Առաջին ատյանի դատարանի բոլոր չորս որոշումները Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ոչ իրավաչափ էին, ինչը հանգեցրել էր «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի, ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի, բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի և գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման»,- գրել է Ֆանյանը։
Հիշեցնենք՝ 2026թ.-ի փետրվարի 13-ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում։
Քրեական վարույթը, որի շրջանակում բուժկենտրոնում խուզարկություններ են արվել, նախաձեռնվել է 2025թ․ հոկտեմբերի 8-ին։
Փաստաբանը հայտնել էր, որ, ըստ քրեական վարույթի նյութերի, ««Իզմիրլյան» բժշկական կենտրոնը 2015-2025 թվականներն իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ իբրև Հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցու հետ փոխկապակցված, հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած ուներ իբրև հնարավորություն ավելի նվազ գնով ձեռք բերել այդ պարագաները տվյալ պարագայում անմիջապես ներմուծող և արտադրող ընկերություններից, այդ կերպ իբրև թույլ է տվել, որպեսզի այդ ընկերությունները, որոնք ունեն իբրև փոխկապակցվածություն Հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, իրենց համար առաջացրել են մեծ շահույթներ, այդ կերպ խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկերից ու արդյունքում որոշակի գործարքներ կատարելով լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները»։