ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են մինչև 2 մլն դրամ աջակցություն ստանալ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար

(Լեռնային – խմբ.) Ղարաբաղից տեղահանված անձինք ձեռնարկատիրական գործունեություն սկսելու նպատակով կարող են ստանալ պետական աջակցություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

(Լեռնային – խմբ.) Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում և նշում կատարել ծրագրում ընդգրկվելու ցանկության մասին։

Դիմումի ներկայացման գործընթաց

1. Քաղաքացին գրանցվում է e-work.am հարթակում՝ մուտքագրելով ԱԱՀ, ՀԾՀ, էլ․ փոստ և հեռախոսահամար։

2. Էլ․ փոստով ստանում է ակտիվացման հղում, անցնում է հղումով և սահմանում գաղտնաբառ։

3. Մուտք է գործում համակարգ և անցնում «Զբաղվածության ծրագրեր և դիմումներ» → «ԼՂ ինքնազբաղվածության ծրագիր» բաժին։

4. Ծանոթանում է ծրագրի մասնակցության պայմաններին և կատարում անհրաժեշտ նշումները՝

·         ՄՍԾ տարածքային կենտրոնի ընտրություն,

·         Ծրագրին մասնակցելու ցանկության նշում,

·         Տվյալների ստուգման համաձայնություն,

·         Տվյալների ոչ ճշգրիտ լինելու դեպքում իրավական հետևանքների մասին տեղեկացվածության նշում։

5. Հաստատում է դիմումը։

6. Համակարգը կատարում է ստուգումներ հարակից տեղեկատվական շտեմարանների հետ, որի արդյունքում՝

·         համապատասխանության դեպքում դիմումը հաստատվում է,

·         անհամապատասխանության դեպքում ցուցադրվում են դիմումի մերժման բոլոր հիմքերը։

Շահառու կարող են դառնալ այն անձինք, ովքեր՝

·         հանդիսանում են (Լեռնային – խմբ.) Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու, հավաստագիր ստացած և իրացրած ընտանիքի անդամ,

·         չեն հանդիսանում վարձու աշխատող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձ,

·         չեն հանդիսանում անհատ ձեռնարկատիրական կամ նոտարի գործունեություն իրականացնող անձ,

·         չեն հանդիսանում առկա ուսուցմամբ սովորող,

·         չեն հանդիսանում ժամկետային պարտադիր զինվորական ծառայող,

·         վերջին 3 ամիսների ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։

Ծրագրի շրջանակում տրամադրվում է բիզնես ուսուցման աջակցություն, ուսուցման ավարտին մշակված և դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհ, ինչպես նաև առնվազն 12 ամիս ժամետով բիզնեսի ուղեկցման աջակցություն։

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար դրամաշնորհը տրամադրվում է գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը։

Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո փոխանցվում է դրամաշնորհի գումարի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը։ Գումարի մնացած մասն փոխանցվում է շահառուին գործունեության իրականացման մեկ տարին լրանալուց հետո։ Ձեռնարկատիրական գործունեությունը 12 ամսից հետո ևս 6 ամիս գործելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմում է 3.000.000 դրամ, տրամադրվում է նաև հիմնական միջոցի ձեռքբերման ծախսի փոխհատուցում՝ մինչև 1.000.000 դրամի չափով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն