Իրանը բանակցում է ՖԻՖԱ-ի հետ Աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականի հանդիպումները Մեքսիկա տեղափոխելու վերաբերյալ: Այս մասին Մեքսիկայում Իրանի դեսպանությունը գրել է X-ի միկրոբլոգում:
Իրանի հավաքականը որակավորվել է մասնակցելու Աշխարհի առաջնությանը, որը մեկնարկելու է հունիսի 11-ից: Հանդիպումները համատեղ հյուրընկալելու են ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան: Իրանի ազգային հավաքականի երկու խաղ նախատեսված է Լոս Անջելեսում և Սիեթլում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ հայտարարել է, որ տեղին չի լինի, որ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը մասնակցի Աշխարհի գավաթի խաղերին՝ «հենց իրենց կյանքի և անվտանգության համար»:
«Երբ Թրամփը բացահայտ հայտարարել է, որ ինքը չի կարող ապահովել Իրանի ազգային հավաքականի անվտանգությունը, մենք բնականաբար չենք մեկնի Ամերիկա: Ներկայումս մենք բանակցում ենք ՖԻՖԱ-ի հետ Աշխարհի առաջնության շրջանակում Իրանի խաղերը տեղափոխելու Մեքսիկա»,- հայտնել է Իրանի Ֆուտբոլի նախագահ Մեհդի Թաջը: