Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է ազդել Հայաստանում գնաճի վրա․ ԿԲ նախագահ | civilnet.am

civilnet.am Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է Հայաստանում գնաճի վրա 1,2-ից 1,7 տոկոս ազդեցություն ունենալ։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` մարտի 17-ին ասուլիսի ժամանակ։

Ըստ գնահատականների՝ ռիսկերը պայմանավորված են նավթի գնի բարձրացմամբ, լոգիստիկ այլընտրանքային ուղիների ծախսերով և Իրանից ներմուծվող պարենի հնարավոր փոխարինմամբ։

«Դուք տեսնում եք ենթակոմպոնենտները՝ դա նավթի գնի ավելացումն է, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի աճը և Իրանից ներմուծվող պարենային ապրանքների որոշակի փոխարինումը։ Սա ռիսկերի տիրույթում է, այսինքն մենք չենք ասում, որ սա տեղի է ունենալու, բայց տեղի ունենալու պարագայում գնաճի վրա ազդեցությունը կլինի 1,2-ից 1,7%»,- ասել է Գալստյանը։

Տարածաշրջանային լարվածությունն ավելացնում է համաշխարհային ստագֆլյացիոն ռիսկերը՝ միաժամանակ դանդաղեցնելով տնտեսական աճը և խթանելով գնաճային պոտենցիալը։ Գալստյանի փոխանցմամբ՝ համաշխարհային տնտեսական ակտիվության անկումն անդառնալի ազդեցություն կունենա Հայաստանի ներքին տնտեսական զարգացումների վրա։

«Մեր գնահատմամբ՝ հակամարտությունը, որը կա Մերձավոր Արևելքում, այս պահի դրությամբ մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից իր մեջ ունի որոշակի ներուժային պոտենցիալ՝ գնաճի ավելացման տեսանկյունից, ինչը բավականին անցանկալի երևույթ է լինելու մեզ համար, որովհետև, եթե համաշխարհային տնտեսությունում նկատվելու է տնտեսական ակտիվության անկում, դա անդառնարի ազդել է Հայաստանի ներսում տնտեսական աճի և տնտեսական զարգացումների վրա»,- ասել է ԿԲ նախագահը։

Հայաստանի համար լրացուցիչ ռիսկեր են դիտարկվում արտաքին պահանջարկի նվազումը, զբոսաշրջային հոգեբանական գործոնները և Միջին Արևելքի շուկաներում իրացման հնարավորությունների սահմանափակումը։ Մասնավորապես, Միացյալ Արաբական Էմիրությունների՝ որպես առևտրային հաբի դերի թուլացումը կարող է հանգեցնել արտահանման և ներմուծման լոգիստիկ խնդիրների։

«Երկրորդ խնդիրները, որը մենք նաև կարող ենք ունենալ պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից, դա հայկական ընկերությունների կողմից Միջին Արևելքի շուկաներում ապրանքների իրացման հնարավորության սահմանափակումն է, և այդ լոգիստիկ խնդիրների արդյունքում նաև արտահանման որոշակի սահմանափակումներ։ Գիտեք, որ Միացյալ Արաբական Էմիրությունները վերջին ժամանակաշրջանում Հայաստանի համար հանդիսանում էին որոշակի հաբ, որտեղ արտահանվում էին Հայաստան բերվող և Հայաստանից արտահանվող ապրանքներին մի մեծ խմբաքանակ»,- ասել է Գալստյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն