ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս որևէ երկրի օգնության կարիքը չունի Իրանի դեմ պատերազմում, մինչդեռ օրեր առաջ Միացյալ Նահանգների դաշնակիցներին կոչ էր անում աջակցել Հորմուզի նեղուցով նավերի անցումն ապահովելու հարցում:
Truth Social-ում նա գրել է՝ ՆԱՏՕ-ում ԱՄՆ աջակիցների «մեծ մասը» տեղեկացրել է, որ չի ցանկանում ներգրավվածություն ունենալ:
«Նրանց արձագանքն ինձ չի զարմացրել, որովհետև ես միշտ ՆԱՏՕ-ն համարել եմ միակողմանի ճանապարհ՝ մենք նրանց կպաշտպանենք, բայց նրանք ոչինչ չեն անի մեզ համար»,- գրել է նա:
Մարտի 14-ի իր հայտարարության մեջ նա ասել էր. «Հույս ունեմ, որ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը և մյուսները, որոնք տուժում են այս արհեստական սահմանափակումից, նավեր կուղարկեն»:
Նշենք, որ Իրանը Հորմուզի նեղուցը փակել է փետրվարի 28-ին Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ հարձակումներից հետո: Բացառություն են միայն մի քանի նավեր, որոնք իրանական նավթ են տեղափոխում Հնդկաստան և Չինաստան:
Աշխարհի նավթի մոտ 20%-ը անցնում է այս նեղուցով: Նավթի համաշխարհային գները բարձրացել են, Ասիայի որոշ երկրներ միջոցներ են ձեռնարկում վառելիք խնայելու համար։
Թրամփն իր հրապարակման մեջ չի գրել, թե ՆԱՏՕ-ի որ երկրներն են առաջարկել աջակցել, բայց ստորև ներկայացնում ենք մի շարք երկրների արձագանքներ, այդ թվում՝ Չինաստանի արձագանքը:
Միացյալ Թագավորություն
Երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է, որ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ծոցի գործընկերների հետ շարունակվում են «կենսունակ ծրագիր» մշակելու բանակցությունները, սակայն «դեռևս որոշումներ կայացնելու կետին չեն հասել»:
Հարցին, թե Մեծ Բրիտանիան դիտարկո՞ւմ է տարածաշրջան անօդաչու թռչող սարքեր կամ նավեր ուղարկելու հարցը, էներգետիկայի նախարար Էդ Միլիբենդը պատասխանել է. «Դուք կարող եք վստահ լինել, որ նեղուցի վերաբացմանը աջակցելու ցանկացած տարբերակ քննարկվում է մեր դաշնակիցների հետ»:
Այլ մանրամասներ չներկայացնելով՝ Միլիբենդը վերահաստատել է, որ «նեղուցը վերաբացելու լավագույն և հստակ ճանապարհը հակամարտությանը վերջ դնելն է»:
Գերմանիա
Երկրի կառավարության խոսնակը հայտնել է, որ Իրանի հետ պատերազմը «ՆԱՏՕ-ի հետ ոչ մի կապ չունի», իսկ պաշտպանության նախարար Բորիս Փիսթորիուզը ասել է. «Ի՞նչ է Թրամփը ակնկալում եվրոպական մի քանի ֆրեգատներից, ինչը չի կարող անել հզոր ամերիկյան նավատորմը»։
«Սա մեր պատերազմը չէ: Մենք այն չենք սկսել»,- ասել է նա:
Ֆրանսիա
Նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է մասնակցություն ունենալ Հորմուզի նեղուցում կոնտեյներային նավերը և տանկերներն ուղեկցելու առաքելությանը այն ժամանակ, երբ իրավիճակն «ավելի հանգիստ» լինի:
Մարտի 17-ին Կառավարության անդամների հետ հանդիպմանը նա ասել է, որ նմանատիպ ցանկացած առաքելություն «պետք է ամբողջությամբ առանձնացված լինի ընթացող պատերազմական գործողություններից և ռմբակոծություններից»:
«Ֆրանսիան մեկ պարզ և հստակ պատասխանատվություն ունի տարածաշրջանում՝ պաշտպանել մեր քաղաքացիներին և մեր շահերը, բոլորի համար հուսալի գործընկեր լինել, ինչպես նաև աշխատել դեէսկալացիայի և կայունության հասնելու ուղղությամբ»,- նշել է Մակրոնը:
Նշենք, որ Ֆրանսիայի ավիակիր հարվածային խումբը ներկայումս տեղակայված է Միջերկրական ծովի արևելքում և իրականացնում է «պաշտպանական» առաքելություն։
Չինաստան
Պատասխանելով հարցին, թե Չինաստանը ստացե՞լ է նավեր ուղարկելու առաջարկ, և եթե այո, ինչպես է արձագանքել, երկրի ԱԳՆ խոսնակն ասել է. «Չինաստանը ևս մեկ անգամ կոչ է անում կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, խուսափել իրավիճակը սրելու լրացուցիչ լարվածությունից և կանխել տարածաշրջանային խռովությունների հետագա ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»:
Նա նաև հավելել է, որ Չինաստանը «կապի մեջ է համապատասխան կողմերի հետ իրավիճակը դեէսկալացնելու ուղղությամբ աշխատանքների մասով»:
Հարավային Կորեա
Կիրակի օրը երկրի ԱԳՆ-ից BBC-ին հայտնել են, որ «ուշադիր հետևում են» Թրամփի հայտարարություններին, և երկու երկրները կշարունակեն «սերտորեն շփվել և որոշում կայացնել ուշադիր քննարկումից հետո»։
«Կորեայի կառավարությունը ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետ կապված զարգացումներին և համապարփակ քննարկումների արդյունքում ձեռնարկում է տարբեր միջոցառումներ Կորեայի քաղաքացիների պաշտպանության և էներգակիրների փոխադրման ուղիների անվտանգությունն ապահովելու համար»,- հայտնել է ԱԳՆ-ն:
Երկրի պաշտպանության նախարարը երեքշաբթի օրը խորհրդարանում հայտարարել է, որ Հորմուզի նեղուց ռազմական նավեր ուղարկելու համար անհրաժեշտ կլինի, որ խորհրդարանը այն հաստատի:
Ճապոնիա
Երկրի վարչապետ Սանաե Տակաիչին երկուշաբթի հայտնել է, որ որևէ խնդրանք չի ստացել ուղեկցող նավեր ուղարկելու համար:
«Ներկայումս Ճապոնիայի կառավարությունը ուսումնասիրում է, թե ինչ անհրաժեշտ միջոցառումներ նախաձեռնի: Իհարկե Ճապոնիայի օրենսդրության շրջանակում կլինի սա, միաժամանակ մենք շարունակում ենք քննարկել, թե ինչպես կարող ենք պաշտպանել ճապոնական նավերի և դրանց անձնակազմի կյանքը, և ինչ կարելի է անել այդ առումով», – ասաց նա։
Նշենք, որ վաղը՝ մարտի 19-ին, Վաշինգտոնում նախատեսված է Տակաիչիի և Թրամփի հանդիպումը:
Եվրոպական միություն
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը երկուշաբթի հայտնել է, թե «առայժմ ախորժակ չկա» փոխելու ԵՄ ռազմածովային առաքելության մանդատը տարածաշրջանում:
«Ոչ մեկը չի պատրաստվում իր ժողովրդին վտանգի ենթարկել Հորմուզի նեղուցում»,- ասել է նա Reuters-ին՝ հավելելով, որ «պետք է դիվանագիտական ուղիներով ապահովել նեղուցի բաց լինելը»: