Հայաստանի Հանրապետության և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) համագործակցության շրջանակում՝ օգոստոսի 3-7-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում կանցկացվի Արևելյան երկրների համար նախատեսված տարածաշրջանային National Data Center (NDС) աշխատաժողով և սիմուլյացիոն վարժանք՝ նվիրված CTBTO տեխնոլոգիաներին։
Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր ներգրավվածությունը միջազգային անվտանգության և գիտատեխնոլոգիական համագործակցության ոլորտներում՝ դառնալով կարևոր հարթակ տարածաշրջանային նախաձեռնությունների իրականացման համար։
Գերատեսչությունից նշում են, որ նախաձեռնությունն աննախադեպ է, քանի որ նման մասշտաբի աշխատաժողով առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում։
Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 25 ներկայացուցիչներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից՝ ապահովելով մասնագիտական ակտիվ քննարկումներ և փորձի փոխանակում։ Աշխատաժողովի ընթացքում CTBTO-ի փորձագետները կներկայացնեն կազմակերպության նորարարական տեխնոլոգիաներն ու լուծումները։
Մասնակցության համար գրանցումն արդեն բաց է CTBTO-ի պաշտոնական կայքում։