Դատարանը հօգուտ Նիկոլ Փաշինյանի վճիռ է կայացրել | hetq.am

hetq.am Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2026թ. մարտի 18-ին մասնակի բավարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն՝ ընդդեմ «Հրապարակ» թերթի։ Դատարանը պարտավորեցրել է հերքել պաշտոնյայի վերաբերյալ զրպարտություն պարունակող տվյալները, սակայն մերժել է 1 մլն դրամ փոխհատուցման պահանջը։

2025թ. հունիսի 6-ին «Հրապարակը» «Փաշինյանը դավաճանում է արդյոք կնոջը» վերնագրով նյութ էր հրապարակել։ Լրատվամիջոցն այն անվանել է քննադատություն, որը հիմնված է եղել հարցադրումների վրա և չի պարունակել պնդում։ Սակայն, դատարանն այլ գնահատական է տվել։

Ըստ լրատվամիջոցի՝ հրապարակախոսական ոճն օգտագործվում է պարբերական մամուլում և հրապարակային ելույթներում, այն համատեղում է գիտական և գեղարվեստական խոսքի առանձնահատկությունները՝ նպատակ ունենալով ազդել ընթերցողի կամ ունկնդրի ոչ միայն մտքի ու դատողության, այլև կամքի, զգացումների ու երևակայության վրա, նրան գործի մղել, հուզել:

Հոդվածը շարադրված է վարչապետին հարցեր ուղղելու միջոցով, որոնք թեև պատասխան չէին ենթադրում, սակայն ընթերցողներին հնարավորություն էին տալիս անելու սեփական եզրակացությունները: Այսինքն՝ չեն պարունակել փաստացի տվյալներ։

Դատարանն արձանագրել է, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ներկայացվել են փաստացի տվյալներ։ Ըստ դատարանի՝ լրատվամիջոցը հստակ տվյալների մասին պնդումներ է արել, մասնավորապես՝  «(…) Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են գալիս: (…) Հիմա համառ լուրեր են պտտվում, որ Դուք դավաճանել եք տիկին Հակոբյանին, նա անգամ զանգել է տվել Ձեր խոսնակին ու պրոտոկոլի միջոցով փոխանցել, որ վարչապետի կողքին քայլելու իրավունք ունի միայն առաջին տիկինը, իսկ խոսնակը անգամ եթե հետը քնում է, պետք է միջոցառումների ժամանակ պատշաճ հեռավորությամբ քայլի՝ իր տեղը իմանալով»:

Դատարանի դիտարկմամբ՝ լրատվամիջոցը հրապարակմանը զուգահեռ չի նշել, թե ինչ փաստերի վրա են հիմնված այդ պնդումները: Ընդ որում,  հոդվածում ներկայացնելով որոշակի փաստական տվյալներ, միաժամանակ հղում չի կատարել տեղեկատվության  իր աղբյուրին՝ որոշակի նույնականացվող անձի, չի նշել այդ անձին անհատականացնող տվյալներ:

Անդրադառնալով նշված արտահայտությունների՝ գնահատողական դատողություններ լինելուն, դատարանն արձանագրել է, որ դրանք հիմնված չեն եղել բավարար փաստական հիմքի վրա: Հրապարակված տեղեկությունների ճշմարտության և հիմնավորվածության համար հրապարակման պահին լրատվամիջոցը չի ունեցել որոշակի տեղեկություններ, վերջինիս կողմից լրացուցիչ ջանքեր չեն գործադրվել՝ պարզելու հրապարակված տեղեկությունների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն