ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց անուններ հնչեցնելու մի շարք ուժերի մեղադրում է «սեպտեմբերյան պատերազմ պատրաստելու» մեջ։ Փաշինյանը պնդում է, որ «պատերազմի կուսակցության» մասին իր հայտարարությունից հետո այն ավելի է ահագնացել:
«Որովհետև այդ բոլոր ուժերը, ըստ էության, հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը էդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում ընտրություններից շատ չանցած՝ մաքսիմալ աշնանը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում կասի՝ որ ուժերի մասին է խոսքը:
Այս մասին նա նշեց ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ԵՄ-ից խումբ գալիս այս հարցում աջակցելու համար, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վստահ է, որ 65%-ից ավելի է ստանալու:
Անդրադառնալով 65%-ին՝ Փաշինյանը նշեց, որ ակնկալում են սահմանադրական մեծամասնություն ստանալ, որը կերաշխավորի այն պրոցեսները՝ տարածաշրջանային խաղաղության համատեքստում մենք դարձնենք անշրջելի:
Ըստ Փաշինյանի՝ վերոնշյալ բոլոր ուժերը մի կողմից ասում են, որ կողմ են խաղաղությանը, մյուս կողմից, որ գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը:
«Դա ես առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է ՀՀ ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով: Նրանցից ոմանք չեն էլ հասկանում՝ ինչ են ասում: Տեքստերը, որ արտասանում են, առնվազն մի մասը, ինձ համար ակնհայտ է, որ ուրիշ տեղ են գրված, և նրանք պարզապես կարդացողի կարգավիճակում են: Առավել ևս իրենց ասածը չհասկացող ուժերը և քաղաքական գործիչները չպետք է կարողանան Հայաստանում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնել»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ մի մասը չի էլ հասկանում, թե ինչ է ասում, բայց «բոլորը պատրաստում են մի նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»:
Նիկոլ Փաշինյանը հիբրիդային պատերազմի վերաբերյալ խոսելիս առաջին հերթին անդրադարձավ նաև միջազգային մամուլում իրենց վերաբերյալ տարածվող սուտ տեղեկությունները: