Փաշինյանը հայտարարում է՝ «Հայաստանի անկախ պետություն լինելը թույլ չտալը» շարունակվում է «ռուսաստանա-բելառուսական օլիգարխների» միջոցով

Այն ինչ արվեց Լեռնային Ղարաբաղում 2023-ին, նույնը ուզում են անել Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հստակ ծրագիր էինք առաջարկել, և այն մերժվել է հենց ձեր ասած ուժերի հորդորով և ուժերի ներկայացուցիչների կողմից, որոնք ԼՂ-ում ստանձնել էին իշխանություն»,- ասաց նա:

Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ հենց Փաշինյանն է 2019-ին հայտարարել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ «Արցախը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և Հայաստանի Հանրապետությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է»:

Փաշինյանը հարց ուղղեց, թե ինչու է թաքցվել այդ իրողությունը և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդից:

«Բոլոր փաստաթղթերը հրապարակված են, և ամբողջ ճշմարտությունը դրված է ժողովրդի առաջ, բայց այդ ճշմարտությունը դեռ ունի զարգանալու տեղ, որ այդ պատմությունը եղել է հետևյալը՝ Հայաստանի անկախ պետություն լինելը թույլ չտալը, և այդ գործընթացը ղեկավարել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, հիմա էլ նրանց հարակից ռուսաստանա-բելառուսական օլիգարխներին են բերել՝ հասկանալով, որ իրենց քարտը մարված է»,- ասաց նա:

Փաշինյանը, խոսելով «ուժեղ» և «թույլ» հակադրության մասին, ասաց. «Ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն էլ թույլիկ են և՛ վերլուծական մտքով, և՛ բառապաշարով: Եվ ես կարծում եմ՝ եթե որևէ մեկը դա ապացուցված չի համարում, դա շատ հեշտ է ապացուցել: Իրենք ուժեղ են իրենց աշխատած փողերո՞վ: Իրենք իրենց փողերն աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների փողերով: Թույլ են, որպես բիզնեսմեն՝ իրենք թույլիկ են ուղղակի: Եվ հասկացել են, որ տնտեսական դաշտը հավասարվում է, և իրենք հայտնվելու են և հայտնվում են այն կարգավիճակում, որում արժանի են:

Այդ մարդկանց փողերի մի հսկայական մաս իրենցը չի, օտարերկրյա կոռուպցիոն համակարգինն է, և իրենք ընդամենը կառավարիչներ են բավականին թույլ»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն