factor.amՍաուդյան Արաբիան կոչ է արել Իրանին դադարեցնել Ծոցի երկրների վրա հարձակումները՝ հայտարարելով, որ իրեն իրավունք է վերապահում, անհրաժեշտության դեպքում, ռազմական գործողություններ ձեռնարկել Թեհրանի դեմ, գրում է DW-ն։
«Իրանի հարձակումները հարևան երկրների վրա նախապես ծրագրված էին, և այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, հաստատում է դա»,- ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը՝ մերժելով Իրանի այն փաստարկը, որ իր հարձակումներն ուղղված են տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։
Բին Ֆարհանը Ռիադում արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների հետ բանակցություններից հետո ասել է, որ Թեհրանի ռեժիմն իր գործողություններով խորացնում է սեփական մեկուսացումը։
«Ես հույս ունեմ, որ նրանք կհասկանան այսօրվա հանդիպման ուղերձը, արագ կվերանայեն հաշվարկները և կդադարեն հարձակվել իրենց հարևանների վրա։ Մենք օգտագործելու ենք մեր ունեցած բոլոր լծակները՝ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական՝ այս հարձակումները դադարեցնելու համար»,- ասել է բին Ֆարհանը։
Reuters-ը հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հրթիռներ են նկատվել այն հյուրանոցի մոտ, որտեղ հավաքվել էին շուրջ մեկ տասնյակ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի, Կատարի և Սիրիայի արտգործնախարարները: