armenpress.am Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ այն բանից հետո, երբ Թրամփը բողոքել էր, որ Ճապոնիան այն երկրների շարքում է, որոնք չեն միացել Հորմուզի նեղուցը պաշտպանելու նրա կոչին։ Այս մասին հաղորդում է Japan Today-ը։
Հանդիպման ընթացքում Տակաիչին նշել է, որ Ճապոնիան դեմ է Իրանի կողմից միջուկային ծրագրի զարգացմանը: Նա մտահոգություն է հայտնել, որ Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում այժմ «շատ լուրջ անվտանգության միջավայր» է՝ հույս հայտնելով, որ միայն նախագահ Թրամփը կարող է խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում։
Հաղորդվում է, որ երկու առաջնորդները մոտ մեկուկես ժամ քննարկումներ են ունեցել. Իրանի պատերազմից բացի քննարկվել են ԱՄՆ-ում ճապոնական ներդրումները։ Հանդիպումից հետո Տակաիչին նշել է, որ իրենք կարողացել են ամրապնդել համագործակցության բազմաթիվ ոլորտներ։
«Ես հստակ փոխանցեցի Ճապոնիայի տեսակետները, այդ թվում՝ իրավիճակի շուտափույթ լիցքաթափման անհրաժեշտությունը։ Մենք հաստատեցինք, որ Ճապոնիան և Միացյալ Նահանգները կշարունակեն պահպանել սերտ կապը՝ Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հասնելու համար, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության և կայուն էներգամատակարարման ապահովման համար», – ասել է Տակաչին։
Տակաիչին նշել է, որ Թրամփին բացատրել է, որ կան գործողություններ, որոնք Ճապոնիան կարող է և որոնք չի կարող ձեռնարկել ճապոնական օրենսդրության շրջանակներում։
Նա նաև նշել է, որ երկու երկրները համաձայնել են համագործակցել ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ավելացման հարցում։
Երկու կողմերը նաև հայտարարել են նախորդ տարի կնքված համաձայնագրի շրջանակներում ներդրումների երկրորդ փուլի մասին, համաձայն որի Ճապոնիան 550 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ տնտեսությունում։
Ավելի վաղ Թրամփը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Տակաիչիի հետ իրենց հանդիպման ժամանակ կքննարկեն Ճապոնիայի կողմից Իրանի պատերազմում ԱՄՆ-ին ցուցաբերվող աջակցության մակարդակը։ Թրամփը նաև նշել է, որ Ճապոնիայի կողմից օգտագործվող նավթի մեծ մասն անցնում է Հորմուզի նեղուցով։
«Այսպիսով՝ դա լուրջ պատճառ է ջանքերը գործադրելու համար։ Ես ակնկալում եմ, որ Ճապոնիան կմասնակցի ջանքերին, քանի որ մենք այդպիսի հարաբերություններ ունենք», – ասել էր Թրամփը։
Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել, որ ԱՄՆ դաշնակիցները, այդ թվում՝ Ճապոնիան, մերժել են նավթի և գազի փոխադրման համար կարևորագույն ջրային ուղու պաշտպանությանն օգնելու իր խնդրանքը։
Ճապոնիայի վարչապետը, նախքան Ճապոնիայից մեկնելը, խոստովանել է, որ ակնկալում է, որ Թրամփի հետ իր հանդիպումը «շատ դժվար» կլինի։
Ճապոնիայի՝ Իրանի հարցում ներգրավվածության սահմանափակումները կապված են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրի սահմանադրության մի դրույթի հետ, որն արգելում է ուժի կիրառումը՝ բացառությամբ իր տարածքը պաշտպանելու դեպքերի։