azatutyun.am Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին՝ Սիրիայի նախագահը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը հակամարտություններից հեռու պահել։ Ահմեդ ալ-Շարաան միաժամանակ ընդգծել է, որ իր կառավարությունը լավ հարաբերությունների մեջ է տարածաշրջանի բոլոր երկրների հետ։
«Մենք չափազանց ճշգրիտ ենք հաշվարկում մեր քայլերը և փորձում ենք Սիրիան ցանկացած հակամարտությունից հեռու պահել։ Կարևոր է հիշել, որ վերջին 15 տարիներին և դրանից առաջ էլ Սիրիան միշտ եղել է հակամարտությունների և բախումների հարթակ, սակայն այսօր այն ներդաշնակ հարաբերությունների մեջ է բոլոր հարևան երկրների հետ՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային մակարդակում», – Դամասկոսի նախագահական պալատում՝ Իդ ալ-Ֆիթրի աղոթքից հետո ունեցած ելույթում ասել է նախագահը՝ ընդգծելով՝ Սիրիան «ամբողջական համերաշխություն է հայտնում արաբական պետություններին»։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Պատերազմը տարածվել է նաև Սիրիայի հարևան Լիբանանում, որտեղ Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել՝ ի պատասխան «Հեզբոլլա»-ի հարձակումների, ինչպես նաև Իրաքում, որտեղ օդային հարվածների են ենթարկվել Իրանի հետ կապ ունեցող զինված խմբավորումների բազաները։