armenpress.am Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ակնհայտ է համարում այն, որ ընդդիմության հիմնական հատվածի ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի, եթե նրանք հաղթեն Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ ընդդիմադիր որոշ ուժեր նախապատրաստում են հերթական պատերազմը և առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում նրանց հաղթանակի դեպքում պատերազմն անխուսափելի կլինի։
Լրագրողի հարցին՝ արդյոք պաշտպանության նախարարությունն ունի՞ որևէ փաստական տվյալ, որը կհիմնավորի վարչապետի այն հայտարարությունը, թե ընդդիմության հնարավոր հաղթանակը կարող է հանգեցնել պատերազմի, Պապիկյանը նշեց, որ խնդիրը վերաբերում է ընդդիմության հնչեցրած դիրքորոշումներին։
«Հստակ չէ՞։ Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարևան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ»,- ասաց Սուրեն Պապիկյանը։
Լրագրողի ճշտող հարցին՝ ո՞ր քաղաքական ուժերն են խոսում Ղարաբաղյան շարժման շարունակման մասին, Պապիկյանը նշեց, որ գրեթե բոլորը։
«Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք՝ մարտի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց անուններ հնչեցնելու մի շարք ուժերի մեղադրեց «սեպտեմբերյան պատերազմ պատրաստելու» մեջ։ Փաշինյանը պնդեց, որ «պատերազմի կուսակցության» մասին իր հայտարարությունից հետո այն ավելի է ահագնացել: