Այս տարի ուժի մեջ են մտել գիտական ոլորտին առնչվող մի շարք կարևոր փաստաթղթեր՝ «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը», այդ ծրագրի միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև հաստատվել են գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման 2026-2030 թթ․ գերակա ուղղությունները։
Անցած տարվա սկզբին ուժի մեջ է մտել նաև գիտական հետազոտությունների ֆինանսավորման նոր կարգը, որով պետական գերատեսչությունների կարիքների հիման վրա իրականացվող նպատակային հետազոտությունների ֆինանսավորման տրամաբանությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։
«Ինֆոքոմը» զրուցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ՝ հասկանալու, թե
Հարցազրույցը կարդացեք ստորև։
Պարո՛ն Հայոցյան, «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը» բավականին երկար ժամանակ էր պատրաստման փուլում ու վերջապես հրապարակվել է։ Ձեզ համար որո՞նք են ռազմավարության ամենակարևոր արձանագրումները և թիրախները։
Ճիշտ եք, ռազմավարությունը բավական երկար է մշակվել, բայց ես կարծում եմ, որ դա շատ լավ է, որովհետև իրականում հիմա այն ավելի շատ ռազմավարության տեսք ունի, քան այն ժամանակ, երբ մտածվում էր։ Կառավարության՝ 2021-2026 թթ․ ծրագրի շրջանակներում ահագին աշխատանք կատարեցինք, որն արդեն հիմք ստեղծեց ռազմավարական մտածելու, քանի որ թերֆինանսավորվող համակարգում ռազմավարական մտածողություն զարգացնելը մի փոքր տարօրինակ էր։
Հիմա մենք արդեն ունենք ֆինանսավորման աճ, 2025 թ. ավարտվել է գիտնականների աշխատավարձերի սանդղակավորման պրոցեսը, և անցած տարվանից ունենք մաքսիմումի հասած աշխատավարձային քաղաքականություն։ Փորձարկել ենք մի շարք դրամաշնորհային ծրագրեր․ որոշ ծրագրեր ցույց տվեցին իրենց կենսունակությունը, որոշ ծրագրեր ցույց տվեցին, որ գուցե իմաստ ունի վերանայել մոտեցումները։ Հիմա մենք ունենք ռազմավարություն, որը հաստատվել է։
Ամենակարևոր արձանագրումը, իմ կարծիքով, [մինչև 2030 թ․] գիտության ոլորտի ֆինանսավորման մասո ՀՆԱ-ի առնվազն մեկ տոկոսի շրջակայքը շեշտելն է։ Շատ էական են գերակա ուղղությունները, որ կարողացանք հաստատել։ Եթե ֆինանսավորման նախնական ավելացումը հնարավոր էր սփռված, համընդհանուր սկզբունքով, ապա ֆինանսավորման հավելյալ ավելացումը, լեգիտիմ է և ճիշտ է, որ լինի արդեն որոշակի ուղղվածություններով ու գերակայություններով, որովհետև համակարգում համաչափ գումարներ ներդնելը ռազմավարության ու արդյունավետության տեսանկյունից ճիշտ չէ։
Բայց ռազմավարությունը չի բացառում, իհարկե, բոլոր ուղղությունների մասով, պարզապես ասում է՝ հռչակված գերակայությունների ուղղությամբ էլ ավելի մեծ ջանքներ են լինելու, ավելի սպեցիֆիկ ծրագրեր։
Միայն ֆինանսավորման մասով չէ, որ թվային թիրախներ են նշված․ գիտնականների թիվ, համալսարանական ստարտափներ և այլն։ Արդյո՞ք այս թիրախները բավականին հավակնոտ, գուցե մի փոքր ամբիցիոզ չեն՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ Օրինակ՝ ռազմավարությունում նշում եք, որ մասնավոր հատվածի վերաբերյալ շատ տվյալներ չկան, և այս մասով վերլուծությունն այնքան էլ լիարժեք չէ։ Գիտություն երիտասարդների հոսքի մասով Դուք էլ եք արձանագրել մեր նախորդ զրույցներում, որ որոշակի աճ կա, բայց այնպես չէ, որ գիտություն եկող բոլոր երիտասարդներն են մնում ոլորտում։ Կամ, օրինակ, նշում եք, թե ոլորտի ֆինանսավորումը պետական բյուջեից մինչև 2030 թ․ ՀՆԱ-ի 0,75 %-ի պիտի հասցվի, բայց մենք այս տարի նախորդ տարվա համեմատ ֆինանսավորման նվազում ունենք։ Արդյո՞ք եղած հնարավորությունները թույլ տալիս են նշված թիրախներին հասնել։
Մի քանի ասպեկտ ունի ձեր հարցը։ Շատ ճիշտ եք հարցը տալիս, բայց մի անգամ էլ ենք սրա մասին խոսել․ թիրախները պետք է լինեն մի փոքր ամբիցիոզ, որպեսզի ձգվելու տեղ լինի։ Եթե ես բոլոր թիրախները սահմանեմ իմ ձեռքի մեկնման երկարությամբ, պրոգրես չեմ ունենա։ Այսինքն՝ պետք է թիրախներն այնպիսին լինեն, որ դրանց համար պետք լինի աշխատել ու ջանք գործադրել։ Այո, երաշխիք չկա, որ այդ թիրախներին ամբողջությամբ հասնելու ենք, ինչպես գրված են, բայց դրանք այն ցուցանիշներն են, որոնց հասնելու համար փորձելու ենք մեր ամբողջ ջանքը ներդնել։ Այսինքն՝ թիրախներն ընտրված են այնպես, որ մի կողմից՝ անիրագործելի չեն, մյուս կողմից՝ դժվար իրագործելի են։
Կարող էինք նայել, թե մենք աճի ինչ միտում ունենք, հաշվեինք՝ 5 տարի հետո ո՞ւր ենք հասնելու, ասեինք՝ այդտեղ ենք գնում, բայց մենք էքսպոնենցիալ ենք դրել թիրախները, որովհետև նաև գիտակցում կա, որ մեր պետության ու մեր բոլորիս ժամանակն է դրված թիրախում, ու եթե հանգիստ շարժվենք այդ ուղղությամբ, ոչ մի տեղ չենք հասնելու։ [Ռազմավարական ծրագրում նշված] վերլուծություններում տեսել եք, թե մենք գրեթե բոլոր պարամետրերով ինչպես ենք հետ ընկնում աշխարհից, չնայած որ ինքներս մեր նկատմամբ աճում ենք ամեն տարի։ Բայց դա բավարար չէ մեր տեղը զբաղեցնելու նաև գլոբալ խաղի մեջ։
Երիտասարդների հոսքն, այո, արձանագրել ենք, որ ցանկալի տեմպով չէ, բայց նաև արձանագրել ենք, թե ինչու այդ տեմպով չէ, որովհետև բուհական և գիտական համակարգերն իրարից անջատ են։ Հետևաբար՝ այդ թիրախն ու մեր գործողությունները՝ [գիտական կազմակերպությունների] խոշորացման, [բուհերի հետ] միավորման, հենց ուղղված են նրան, որ մենք ինստիտուցիոնալ հոսքագիծ ունենանք, որտեղով երիտասարդներն անմիջապես ու սահմանված ձևով ներգրավվում են գիտության մեջ, ոչ թե մի գիտնական կարողանում է դասավանդել որևէ բուհում, հետևաբար ուսանողների ներգրավում է, մեկ այլ գիտնական չի կարողանում կամ չի ցանկանումմդասավանդել, չի ներգրավում։
Իսկ, օրինակ, կա՞ վերլուծություն, թե մինչև հիմա մենք քանի հաջողված համալսարանական ստարտափ ենք ունեցել, որ կոնկրետ թվային թիրախ եք նշել։
Համալսարանական ստարտափների թիվը բավական քիչ է գրած։
Մինչև 2030 թվական՝ 30 ստարտափ։
Դա քիչ է։
Մասնավոր հատվածի վերաբերյալ կա՞ բավարար վերլուծություն, իրավիճակը կարողացե՞լ եք լիարժեք հասկանալ, որ պատկերացնեք՝ այնտեղ հետազոտություններն ու մշակումներն ինչպես պիտի խթանվեն։
Մասնավոր հատվածում պետությունն իրականացնում է եկամտահարկի և ավելացած արժեքի հարկի վերադարձի ծրագրերը հետազոտական աշխատանքների համար։ Հենց այն ընթացքում, երբ ռազմավարությունն էր մշակվում, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն էլ իրականացնում էր հայտերի փորձաքննությունը։ Այն տվյալները, որոնք կիսատ են, բայց որոնք արդեն ձևավորվում են մասնավոր հատվածի վերաբերյալ, թույլ են տվել թիրախները սահմանել։ Դրանք ամփոփ չեն և լիարժեք չեն, բայց չմշակված տվյալները ցույց են տալիս, որ հնարավոր է հասնել այս թիրախներին մասնավորի մասով։ Մեկ-մեկ էլ տպավորություն է ստեղծում, որ գուցե շատ քիչ թիրախներ ենք սահմանել, որովհետև կարող է պարզվել, որ մասնավորում այդքան էլ տխուր չէ վիճակը հետազոտությունների հետ կապված։
Մինչև 2030-ը մասնավոր հատվածի կողմից հետազոտությունների՝ ՀՆԱ-ի 0,25%-ի չափով ֆինանսավորո՞ւմն էլ է իրատեսական թիրախ։
Ինձ թվում է՝ այո։ Ես վախենում եմ, որ իրականում մեկին մեկ լինի ֆինանսավորումը (նկատի ունի պետական և մասնավոր հատվածի ֆինանսավորումները,- խմբ․), ինչպես արդեն թվերն են ցույց տալիս, բայց դեռ չեմ պնդում։ Մեծ կազմակերպություններ կան, որոնք դեռ չեն դիմել [ծրագրին]։ Երբ մենք կհասկանանք, որ դաշտը ծածկել ենք ամբողջությամբ, վերլուծություններ կանենք։
Երբ խոսում եք մասնավոր հատվածից ՀՆԱ-ի 0,25 %-ի չափով ներդրումների մասին, հաշվի եք առնում միայն մասնավոր կազմակերպությունների կողմից իրենց հետազոտություններում և մշակումներում ներդրումնե՞րը, թե՞ նաև ակնկալում եք, որ նրանք հանրային հատվածում ներդրումներ կանեն։
Շատ լավ հարց եք տալիս։ Ներդրումը մասնավոր հատվածում մասնավոր գումարն է՝ ուղղված հետազոտություններին և մշակումներին։ Այսինքն՝ այդ 0,25%-ն ամեն ինչ ներառում է։ Իսկ տրոհումը՝ մասնավորից մանսավո՞ր է գնում, թե՞ մասնավորից հանրային, արդեն երկրորդ մակարդակի ցուցիչ է, որի վերաբերյալ մենք ռազմավարության մեջ ծրագրեր ունենք՝ միտված խրախուսելու մասնավորի ներդրումը հանրային հատվածի հետազոտությունների մեջ։
Ռազմավարության վերջում, երբ ռիսկերի մասին եք խոսում, նշում եք՝ որպեսզի ծրագրի թիրախներին հասնեք, պատշաճ բյուջետավորում ու ֆինանսավորում է անհրաժեշտ։ Հաշվի առնելով այն, որ այս տարի անցած տարվա համեմատ կա գիտության պետական ֆինանսավորման նվազեցում, որքանո՞վ է այս ռիսկը կառավարելի։
Պետք է հաշվի առնենք, որ այս տարի Ֆինանսների նախարարության կողմից բյուջետավորման նոր մոտեցում է որդեգրվել։ Կարող ենք համարել՝ փորձնական բյուջետավորման տարի է եղել, որովհետև մենք ունենք նաև բյուջեի 6-րդ հավելված, որտեղ գիտական տարբեր միջոցառումների համար ավելի քան 7 միլիարդ դրամ է նշված։
Բայց նաև ասվում է՝ այդ 7 միլիարդ դրամը կհատկացվի, եթե բյուջեում լինեն բավարար միջոցներ։
Ձևակերպումների իմաստով դա նորմալ է։ Ինչի՞ համար է այդպես արվել։ Բերվել է հետևյալ փաստարկը․ մենք (նկատի ունի Ֆինանսների նախարարությունը,- խմբ․) հատկացնում ենք որոշակի բյուջե, կատարողականը ցածր է լինում (նկատի ունի գիտական հետազոտություններին հատկացված բյուջեի կատարողականը,- խմբ․), հետևաբար կատարողականի չափով հաստատենք, եթե հանկարծ կհասնեք առաստաղին ու կուզենաք վերև գնալ, հայտարարեք՝ որ ծրագրերն են առաջնահերթ, և կնախատեսենք 6-րդ հավելվածով։ Դիցուք, յոթ գերատեսչություններ գալիս են, ասում են՝ մեզ այսինչ առաջնահերթությունների համար ֆինանսավորում տրամադրեք, և համապատասխան քննարկումների արդյունքում կառավարությունը կորոշի։ Սա մոտեցում է, տեսականորեն իմաստ չունի վիճել դրա դեմ։ Նույն կերպ այդ 7 միլիարդ դրամը կարող էր լինել բյուջեում, տարվա կեսից հետ վերցվեր։
Այսինքն՝ այդ ռիսկը կառավարելի՞ եք համարում։
Այո՛։
Ռազմավարական ծրագրում մի կարևոր արձանագրում եք անում․ դա պետության կարիքների վերհանման մեխանիզմների՝ շատ թույլ զարգացած լինելն է։ Ընդ որում՝ խնդիրը թիրախավորում եք երկկողմանի․ մի կողմից՝ գերատեսչությունների կողմից կարիքների վերհանումը և պատվիրակումը, մյուս կողմից՝ դրանց պատշաճ իրականացումը գիտական համայնքի կողմից։ Այս խնդրի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։
Մենք այդ խնդիրն արձանագրել ենք՝ արդեն լուծման ինչ֊որ փորձ ունենալով հանդերձ․ նպատակային ֆինանսավորման ծրագրերի մասին է խոսքը։ Մենք նպատակային ֆինանսավորման ծրագրերն իրականացնում էինք իներցիոն, այսինքն՝ ինչ֊որ հայտեր էին ունենում գիտական կազմակերպությունները, դիմում էին որևէ գերատեսչություն, նամակ ստանում, ներկայացնում մեզ։ Այսինքն՝ դա վերջին հաշվով էլի գիտական հետազոտություն էր։
Հիմա արդեն երկրորդ տարին է, ինչ գերատեսչություններից հավաքել ենք նրանց հետաքրքրող հարցերը։ Մենք ասացինք՝ ինչքան ուզում եք, ազատ եղեք ձեր ձևակերպումներում։ Դրանից հետո գերատեսչություններից ներկայացուցիչների, գիտնականների հավաքեցինք, որոնք ի վիճակի են հասկանալ՝ հետազոտությունների կիրառական մասն ու հարցադրումները։ Երկար աշխատանքային քննարկումներով փորձեցինք գերատեսչություններից ստացված խնդիրների ցանկը մշակել, պահել դրանցից նրանք, որոնք քիչ թե շատ հետազոտական բնույթ ունեին ու վերաբերելի էին գիտնականներին, ու մրցույթ հայտարարեցինք։
Հիմա ամփոփել ենք, 200 հայտ ենք ստացել՝ 14 միլիարդ դրամի։ Այս տարի պետք է ամփոփենք, հաջորդ տարի՝ բյուջետավորենք։ Դա մի փոքր երկար գործընթաց է։ Դա էլ է գրված ռազմավարության մեջ, որ գործընթացները պիտի տրամաբանական տևողությունների մեջ փորձենք իրականացնել։
Թեմաների որակական փոփոխություն կա՞։
Միանշանա՛կ։ Հիմա արդեն ուղղորդված է, հիմա արդեն այն «պետական պատվերն» է, որի մասին բոլորը խոսում էին, բոլորն ուզում էին, բայց չէին պատկերացնում՝ ինչպես է լինում։ Հիմա կոնկրետ գերատեսչությունն իր կոնկրետ խնդիրը ձևակերպել է, երկար քննարկել է գիտական համայնքի ներկայացուցիչների հետ, թե դա ինչպես ձևավորել, որ գիտետազոտական հայտ դառնա, ու դրա հիման վրա տենդերի նման գործընթաց է հայտարարվել։ Այսինքն՝ գիտնականներին խնդրել ենք իրենց լուծումներն առաջարկել։
Բայց նաև բաց է մյուս ճանապարհը, երբ գիտնականը համարում է, որ իր այսինչ լուծումը պետքական է պետության համար, գտնում է իր գործընկերոջը պետական հիմնարկներից։ Այսինքն՝ հին մեխանիզմն էլ ենք թողել, որովհետև երբեք պետք չէ բացառել, որ ներքևից վերև կարող է լինել նախաձեռնություն, որը պետության կարիքներից է բխում։
Իսկ ռազմավարության այն արձանագրումը, որ գերատեսչությունների կարիքները պատշաճ իրականացնելու խնդիր կա, նպատակային ծրագրերի արդյունքո՞ւմ եք արել, թե՞ գիտական ներուժի վերլուծությունների հիման վրա։
Դա դիտարկումային եզրահանգում է, դրա համար թվեր բերված չեն, բայց ամեն դեպքում, հաշվի առնելով մեր փորձառությունը՝ աշխատելու տարբեր գերատեսչությունների, տարբեր գիտական հիմնարկների հետ, բերում են այն եզրակացության, որ հետազոտությունների արդյունքները բավականաչափ պատշաճ չեն կոմունիկացվում գերատեսչությունների հետ։ Դիցուք, որևէ գերատեսչություն ակնկալիք ուներ որևէ հետազոտությունից, որ իր մոտ ինչ֊որ մի ցուցիչ բարելավվել է, սակայն հետազոտությունը ցույց է տալիս, որ չի բարելավվել, և մեր հետազոտողներն այդ տվյալները կոմունիկացնելու և արժանահավատ ձևով ներկայացնելու պատշաճ մեխանիզմ չունեն։
Մի ուրիշ խնդիր էլ է արձանագրված, որ գիտնականները երբոմն սիրում են հարցը ծամծմել, այսինքն՝ կոնկրետ խնդիր ես տալիս, նրանք տրոհում, տրոհում, հասնում են, օրինակ, «տիեզերքի ստեղծման խնդիրներին» ու ասում՝ սկսենք այդ խնդիրը լուծելուց, 150 տարի հետո կգանք, կհասնենք ձեր խնդրի լուծմանը։
Պետք է նաև այդ պրագմատիզմն էլ մտնի մեր հետազոտողների աշխատակարգի կամ մտածողության մեջ, որ երբ այս մի հարցն են տվել, եկեք այդ հարցը լուծենք, եթե էդ հարցից հետաքրքրություն ներկայացնող ենթահարցեր են ծագել, հետո փորձենք հասկանալ՝ դրանք գիտական արժեք ներկայացնո՞ւմ են, թե՞ ոչ։ Այսինքն՝ գործընթացներն անհարկի երկարացնելու ու նաև վերջնական պատասխան չտալու միտում կա։
Եթե դուք հարցնեք գիտնականներին, նրանք էլ կասեն՝ գերատեսչությունների մոտ կա արդյունքների նկատմամբ հետևողական չլինելու և իրենց պատվիրակած հետազոտությունների ծավալը չհասկանալու խնդիր։
Միանշանակ։ Դա «թարգմանական» խնդիրն է, որ փորձում ենք լուծել։
Հաճախ է խոսվում, որ գերատեսչությունների խնդիրները գիտնականներին «թարգմանող» և հետազոտությունների արդյունքները գերատեսչություններին «թարգմանող» մարմնի կամ մեխանիզմի կարիք կա։ Նպատակային ծրագրի նոր ֆորմատի շրջանակում հնարավոր լինո՞ւմ է այդ խնդիրը որևէ կերպ լուծել։
Ո՛չ, այդ խնդիրը նպատակային ծրագրով չի լուծվում, նպատակայինը զուտ տվյալ հետազոտություններն իրականացնելու համար է։ Բայց եթե նայեք, ռազմավարության մեջ, գուցե շատ ուղիղ բառերով գրված չէ, բայց [նախատեսված է] համապատասխան «թարգմանիչ» ստորաբաժանումների ստեղծում գիտական կազմակերպություններում կամ բուհերում։ Այսինքն՝ պատասխանատու ստորաբաժանում կլինի կամ դրանում մասնագիտացված մարդիկ կլինեն, որոնք կարողանում են կոմունիկացնել հետազոտության արդյունքները։
Հայտարարված գերակա ուղղությունների մասով մանրամասն ձևակերպումներ կան, ու լրացուցիչ բյուջետավորում է նախատեսվում, այս ուղղությունների վրա մեծ շեշտադրում է լինելու։ Պետական կարիքներին վերաբերող խնդիրների լուծումն ուղիղ կապո՞ւմ եք գերակա ուղղությունների հետ և արդյո՞ք միայն դրանց շրջանակում եք պատկերացնում։
Ո՛չ։ Գերակայություններն ապագայի մասին են։ Առհասարակ, ինչպե՞ս են դրանք ձևավորվել։ Մենք վերցրել ենք գլոբուսի վրա գոյություն ունեցող միջազգային խոշոր կառույցների ստրատեգիաները, պրագնոստիկ ռազմավարությունները, որոնցից մեկը մինչև 2034 թվականն է, մեկը մինչև 2045 թվականն է։ Մի քանի խոշոր [փաստաթղթեր] կան, որոնք փորձում են կանխատեսել գիտության ու տեխնոլոգիաների զարգացման ապագա ուղղությունները։ Քանի որ մեր բարձրագույն կրթության ու գիտության համակարգն, առհասարակ, ապագայի մասին է, գերակայությունները շարադրվել են՝ ապագայի ռելևանտ տեխնոլոգիաները համադրելով մեր այսօրվա ստարտափների էկոսիստեմի, գիտական պոտենցիալի, հրապարակումների ակտիվություն, հայ համահեղինակների քանակի հետ։
Այս իմաստով գերակայություններն ապագայի մասին են, թե Հայաստանի Հանրապետությունն ապագա մրցավազքի մեջ որտեղ ավելի արագ փորձի վազել, որպեսզի կարողանա աշխարհի հետևից հասնել։
Իսկ պետական պատվերի համակարգն այսօրվա խնդիրների մասին է։ Մեր խնդիրը հենց դա է, որ պետք է կարողանանք մեխանիզմն այնպես աշխատացնել, որ խնդիրը ծագելուց մինչև լուծելու ժամանակահատվածը մաքսիմալ կարճանա, որովհետև այսօր է պետք լուծումը։ Դիցուք, [որևէ գերատեսչության համար] ուսումնասիրություն է իրականացվում՝ 4 տարվա պլանավորում կազմելու համար։ Չես կարող 4 տարի ուսումնասիրություն անել, հետո [արդյունքները] տալ, որ պլանավորի 4 տարվա համար։ Եվ նպատակային ծրագրերը ֆունդամենտալ գիտական խնդիրներ չեն, հիմնականում հետազոտական խնդիրներ են, որոնք կարող են անգամ որպես գիտություն այդքան էլ հետաքրքիր չլինել, պարզապես կարող են իրականացվել միայն գիտնականների, հետազոտողների կողմից։
Իսկ ինչո՞ւ եք այդ երկուսն իրարից առանձին պատկերացնում։ Այսինքն՝ մի կողմից ունենալ գերակա ուղղություններ, որոնք միջազգային միտումներն են հաշվի առնում ու ապագային են ուղղված, մյուս կողմից՝ ունենալ Հայաստանի կարիքներ։ Արդյո՞ք նաև Հայաստանի ապագայի համար պետության կարիքներից բխող գերակա ուղղությունների կարիք չկա, որոնք ոչ թե միջազգային միտումների մասին են, այլ հենց Հայաստանի Հանրապետության ու Ձեր նշած փոքր հետազոտությունների տրամաբանությունից դուրս։
Կան, իհարկե։
Բա ինչո՞ւ դրանք գերակայություններում արտահայտված չեն որևէ կերպ։
Արտահայտված են։
Ո՞ր գերակա ուղղություններն են։
Օրինակ՝ «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում» ուղղությունը, որը հռչակվել է որպես ամենապատրաստի գերակա ուղղություն։ Դա Հայաստանի Հանրապետության գերակայությունն էլ է․ տեսել եք՝ քանի նախաձեռնություն է արվում Հայաստանի Հանրապետությունում արհեստական բանականության ու հաշվողական ռեսուրսի ներգրավման, նաև գլոբալ քարտեզի վրա ինչ-որ դիրք զբաղեցնելու համար։ Այսինքն՝ եթե պետության քաղաքականություն է, արձանագրում է պետությունը, որ մարդկանց կարիք ունի այդտեղ, պետությունը սկսել է քայլել այդ ուղղությամբ, քայլելու ընթացքում առաջացել են խնդիրներ, որ մեզ պետք են, ինչքան հնարավոր է, մասնագետներ․․․ Մի ուղղություն է, որը համահունչ է նաև պետության կարիքների հետ։ Այսինքն՝ պետությունը կարիքը ձևավորել է, բարեբախտաբար, այդ կարիքը նաև գլոբալ առաջնահերթություն է, բարեբախտաբար նաև մարդկային ռեսուրսը ձևավորվում է, այսինքն՝ բոլոր համընկնումները կան։
«Կիսահաղորդիչներ, էլեկտրոնիկա և էլեկտրամագնիսականություն, առաջադեմ հաշվողականություն» ուղղությունն էլ պետական քաղաքականություն է, նաև միջպետական օրակարգերի․ հայ-ամերիկյան օրակարգում կա, կարծեմ նաև՝ հայ-գերմանական։ Էլի պետական կարիք է, որը նաև մեր մասով պետք է ապահովենք։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ անելիք ունի միջազգային կազմակերպություններ ներգրավելու առումով, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էլ, իսկ մենք մեր մասով՝ մասնագետներով ապահովելու։
Բայց ես ուզում եմ նորից ֆիքսել, որ այդ գերակայություններն ապագայի մասին են, ուր մոլորակն է գնում։ Պետության այսօրվա կարիքը ՀՆԱ-ի մի տոկոսի չափով ներդրման կարիք չունի, այսօրվա կարիքը պարզապես պետք է ճիշտ ձևակերպել ու ճիշտ կատարողին գտնել։ Դա այսօրվա խնդիր լուծելու մեխանիզմն է, բայց գերակայությունն այն է, որը քեզ ցույց է տալիս, թե դու որ ուղղությամբ ես շարժվում, որովհետև գերակայության տակ դու պիտի դասավորես կրթական համակարգ, հետազոտական համակարգ, դրամաշնորհային համակարգ, միջազգային հարաբերություններ, ստարտափներ և այլն և այլն։
Այսինքն՝ թիրախը պիտի այնպիսին լինի, որ ռելևանտ մնա։ Մինչև դու հասցնես բարձրագույն կրթություն, գիտություն վերանայես, ստարտափների խողովակ սարքես, մասնավորին ներգրավես, պետք է առնվազն 5 տարի։ Եթե այսօր Սևանում ձկան պաշարների հետազոտությունը հռչակենք գերակայություն, գուցե մինչև մենք այդ ամենը կարգավորենք, Սևանում ձկան պաշարի խնդիրը լուծված լինի։
Գերատեսչությունների հետ քննարկումներ եղե՞լ են գերակա ուղղությունները սահմանելուց առաջ, որ հասկանաք՝ ամեն գերատեսչություն ինչ կարևոր խնդիրներ է պատկերացնում։ Խոսքս ոչ թե փոքր հարցերի մասին է, որ պետք է հետազոտել, պատասխան տալ, այլ ավելի լայն կարիքների՝ անվտանգային, պաշտպանական կարևոր հարցերի, որոնք պետք է ինչ֊որ կերպ ինտեգրել գերակա ուղղություններում։
Ինտեգրված չե՞ն․․․ Նախ, ցանկացած պետական փաստաթուղթ պատշաճ շրջանառվում է գերատեսչությունների միջև․ չես կարող որևէ բան քո տեղում գրել ու տանել, որ կառավարությունն ընդունի։ Այս մասով այդ քննարկումն առնվազն տեղի ունեցել է։
[Գերակա ուղղություններում] նշված տեխնոլոգիաներից, օրինակ, արհեստական բանականությունն էլ է պաշտպանական տեխնոլոգիա (այսօր տենում եք՝ ինչպես է աշխատում հեռաhար պատերազմը), ինքնավար համակարգերն էլ են պաշտպանական ռեսուրսներ: Պարզապես ձևակերպումները լայն են, որովհետև դուրս են գալիս կոնկրետ մի խնդրից ու ձևակերպում են այդ խնդրի ենթատեքստը։
Չես կարող գերակայություն հռչակել, օրինակ, VTOL համակարգով էժան դրոնների ստեղծումը, որովհետև դա գերակայություն չէ, խնդիր է։ Գերակայությունը տրանսպորտի այնպիսի համակարգերի մշակումն է, որոնք ավելի էժան են պատրաստվում։
Այս հարցն առաջանում է, քանի որ գերակա ուղղությունները սահմանելիս հղում եք արել միջազգային փաստաթղթերի, բայց, օրինակ, Հայաստանի տեսլականի կամ Հայաստանի կարիքների մասին ձևակերպում չկա։
«Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությանն» է հղում արվում․․․ Այնպես չէ, որ Հայաստանում շատ են այն փաստաթղթերը, որոնք 2030 թվականից այն կողմ ինչ-որ կանխատեսում ունեն։
Գուցե դա է խնդիրը, որ պիտի լինեին նման փաստաթղթեր։
Մենք ի՞նչ անեինք․ ոչինչ չանեինք, սպասեինք, թե երբ է Հայաստանը ձևավորելու այդ փաստաթղթե՞րը։ «Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության» մեջ մեզ համար հասկանալի, մեր ոլորտի համար բավական ուղղորդիչ թիրախներ կան, որոնց հղում ենք կատարել։
Ռազմավարության մեջ եք հղվել այդ փաստաթղթին, մի քանի կետեր եք նշել, սակայն դրանցից ոչ մեկում կարիքների մասին ձևակերպումներ չկան։
Նորից եմ ասում՝ նման բան գոյություն չունի․ գոյություն ունի տեսլական ապագայի մասով։ Կարիքը այսօրվա խնդիր է։ Ես բացառում եմ որևէ բան, որ Դուք այսօր ասեք կարիքի տեսանկյունից ու որը չկարողանաք գտնել գերակայությունների մեջ։
Ասեմ․ հասարակագիտությունը։
Կա՛։ «Սոցիալական նորարարություններ (ներառյալ, վիրտուալ աշխարհներ և հանրություններ, կյանքի թվային պահուստավորում, այլընտրանքային արժույթ, կարդալ/գրելու մշակույթ, կրթության վերահայտնագործում, լրացված իրականություն)» ուղղությունը։ Դա ամենաքիչ հասուն գերակայություններից է, բայց կա։
Իսկ եթե խոսենք «դասական» հասարակագիտության մասի՞ն, օրինակ՝ սոցիոլոգիա։
Բայց ի՞նչ է սոցիոլոգիան այսօր։ Այսօրվա սոցիոլոգիան արժե՞ պլանավորել 2030 թվականի համար։ Այօրվա սոցիոլոգիան ֆինանսավորում ենք մենք։ Հատուկ նշած է, որ «դասական» որևէ ուղղություն իր հիմնական ֆինանսավորումից չի զրկվում։ Այն, որ մենք սա գերակայություն ենք համարել, չի նշանակում, որ սոցիոլոգիա, փիլիսոփայություն, պատմագիտություն չենք ֆինանսավորում։
Բայց այսօրվա սոցիոլոգիայի առաջընթաց ուղղությունները դիտարկում են լրիվ այլ բաներ, խոսում են այս դարաշրջանում մարդկային հարաբերությունների զարգացման, մարդ-մեքենա, մարդ-արհեստական բանականություն հարաբերությունների մասին։
Սոցիոլոգիան մի օրինակ է։
Ես էլ կարող եմ տեսականորեն ասել՝ արդյո՞ք մեզ պետք է օրգանական քիմիա, որ [գերակա ուղղություններում] չկա գրված։ Դեղագործությունն էլ չկա գրված, բայց նյութագիտություն կա, որովհետև եթե այսօր պետությունը պնդի, որ դեղագործությունն է զարգացնում, գուցե վաղը հանկարծ պարզվի, որ դա այլևս պետք չէ, որովհետև նանոմակարդակի ռոբոտներ կարելի է սարքել, որոնք կարող են, օրինակ, ուզածդ ինֆեկցիոն զոնան ջախճախել։ Այսինքն՝ դու պետք է բաց թողնես դաշտը, այնքան լայն բնութագրես, որ սխալ կանխատեսած չլինես թրենդը։
Քանի որ գերակա ուղղությունների մասով մանրամասն միջոցառումներ են նշված՝ սկսած կրթությունից մինչև գիտնականների վերապատրաստման ծրագրեր, վտանգ չկա՞, որ շեշտադրումը շատ կլինի այդ ուղղությունների վրա։ Ինչքան էլ լավ ուսումնասիրած լինեք, գուցե սխալ կանխատեսումներ եք արել, հետևաբար՝ Հայաստանի համար կարևոր որոշ ուղղություններ կարող են մնալ զարգացման նույն մակարդակին։
Հիմա կարծես ինքս իմ իմ արձագանքը լսեմ։ Այն ժամանակ, երբ մենք խոսում էինք գիտության ոլորտում ֆինանսավորման ավելացումից, բոլորն ասում էին՝ ոչ, այպես չի լինի, մենք չենք կարող բոլորը ֆինանսավորել, պետք է ընտրենք՝ որ ուղղությամբ ենք ֆինանսավորում, մնացածը թող չունենանք․․․
Դրա համար խոսքիս ամենասկզբում նշեցի, որ կառավարության՝ 2021-2026 թթ․ ծրագիրը հնարավորություն տվեց ստեղծել գիտության ֆինանսավորման բազա, որտեղ հնարավոր է գերազանց հետազոտություններ իրականացնել գրեթե բոլոր ուղղություններով։
Բավարա՞ր է այդ ֆինանսավորումը Ձեր պատկերացմամբ։
Ո՛չ, բայց առնվազն բավարար էր կանգնեցնելու անկումն ու տեսնելու, թե որտեղ ենք ավելի մեծ պոտենցիալ կարողանում ունենալ։ Գերակա ուղղությունները չեն բացառում այս ֆինանսավորման շարունակումը, սա մի քանի կետերով հատուկ նշած է, այդ պաշտպանիչ խարիսխները դրած են․ ասվում է, որ հետաքրքրությունների վրա հիմնված հետազոտությունն էլ է ֆինանսավորվելու, որովհետև երբեք չգիտես՝ ինչ է տեղի ունենալու աշխարհում։ Այդ պատճառով նաև սա մինչև 2030 թվականի համար է․ մենք ռիսկ չենք վերցրել մինչև 2045 թ. գիտություն պլանավորել, որովհետև հասկանում ենք, որ այդքան կարողություն չունենք դեռ։
Պետք է հասկանանք, որ սա կոմպլեմենտար ֆինանսավորում է․ այն չի գալիս հասարակագիտական և հումանիտար ուղղություններին հատկացվող ֆինանսավորման փոխարեն արհեստական բանականություն ֆինանսավորելու, այն գալիս է սա շարունակելու։ Այստեղ էլ արդեն մեխանիզմները կհստակեցվեն, թե ինչպես անենք, որ այն, ինչն ավելի գերազանց է, ավելի արագ կարողանա աճել, այսինքն՝ այդ «տիղմն էլ մաքրվի»։ Այդ հարցում մեզ կօգնի 2026 թ․ վերջին ատեստավորման վարժությունը, կվերագործարկենք ամբողջ համակարգը՝ դրված չափանիշների համապատասխան (նկատի ունի 2026-ին գիտնականների ատեստավորումը՝ ատեստավորման նոր կարգի համաձայն,- խմբ․)։
Հնարավո՞ր է, որ այնտեղից նոր ուղղություններ դուրս գան, որոնք կհամալրեն գերակայությունների ցանկը։
Իհարկե։
Իսկ ինչո՞ւ եք ուզում հայագիտության համար առանձին ռազմավարություն մշակել այս ամենի համատեքստից դուրս, ոչ թե ինտեգրել եղածի մեջ։
Եթե միայն իմ կամքը լիներ, ես կինտեգրեի։ Բայց հայագիտությունը սպեցիֆիկ ոլորտ է, ինքնության բազմաթիվ հարցեր ունի իր մեջ։ Կարիք կա հասկանալու, ինքնավերլուծելու, ինքնաանդրադառնալու, թե ինչ ասել է հայագիտության ոլորտ, և առհասարակ պետությունն ինչպես է տեսնում իր քայլերն այդ ուղղությունը զարգացնելու համար։
Գոյություն ունեցող հայագիտական ռազմավարությունը շատ լայն է, գրեթե հնարավորություն է տրած, որ Հայաստանի Հանրապետությունում ուսումնասիրվող քիմիան հայագիտություն կոչենք։ Նաև հայագիտության մեջ բարձր տեխնոլոգիաների ներգրավման հարց կա, այսինքն՝ կարողությունների ձևավորման հարց կա։
Ռազմավարական ծրագրի միջոցառումներում հայագիտության ուղղությամբ քայլեր են գրած, բայց բոլորը դեպի միջազգայնացում տանող են։
Միանշանակ։
Իսկ Հայաստանի հանրության իրազեկման, հայերեն գիտական աշխատանքների խթանման միջոցառումներ նախատեսու՞մ եք։
[Միջոցառումներում] ամսագրերի մասին գրված է։
Scopus և Web of Science շտեմարաններում ինդեքսավորված հայերեն գիտական ամսագրերի առկայությունը բավարա՞ր է։ Նկատի ունեմ, օրինակ, խթանել հայերեն մենագրություններ, որոնք Հայաստանի հանրության համար են ու միայն դեպի միջազգային գիտություն չեն նայում։
Դե դա գիտության կոմունիկացիան է․․․ Այդ պատճառով եմ ասում՝ այն, ինչ ավելի հայագիտական նշանակություն ունի, ճիշտ կլինի ներառել հայագիտության ռազմավարության, որպեսզի տարընթերցում չլինի գիտության ոլորտի ռազմավարության հետ։
Բայց հայագիտությունը՝ որպես գիտական, հետազոտական ուղղություն, միևնույն է, միջազգային գիտության․․․ Դու չես կարող էնդեմիկ գիտական մեթոդ հորինել․ միևնույն է, պետք է գիտության ընդունված մեթոդ վերցնես, կիրառես քո էնդեմիկ խնդրի վրա և հետևաբար, եթե միջազգային մեթոդ ես կիրառում որևէ յուրահատուկ օբյեկտի վրա, այն նաև միջազգային հետաքրքրություն է ներկայացնում։
Օրինակ՝ կյանքի մասին գիտությունների մեջ ինպպե՞ս է․ ամեն, թեկուզ փոքր նշանակության օբյեկտ, եթե պատշաճ մեթոդաբանությամբ ես ուսումնասիրում, հետաքրքրություն է ներկայացնում։ Օրինակ, ջրարջի կենսաբանությունը գուցե ինքնին ինչ֊որ մեծ բան չէ, նույն գործիքներն են, նույն մեթոդներն են, ջրարջն էլ ջրարջ է, բայց հետո պարզվում է, որ ջրարջը կարող է տիեզերական ռադիացիայի մեջ բացարձակ վակուումում կենդանի մնալ, ինչը արդեն հետաքրքիր է։ Մոլորակի վրա մի ջրարջ էլ Հայաստանի Հանրապետությունն է․ Հայաստանն ինքն իրենով էլ է հետաքրքրություն ներկայացնում, եթե պատշաճ գործիքներ ես կիրառում, և հետաքրքիր չէ, եթե ինքդ քեզ համար գործիք ես հորինել, վալիդացիա չես արել, սարքել ես պրոպագանդայի մաս։
Այդ պատճառով միջազգայնացումը մեր տեսանկյունից միշտ կարևոր է, որպեսզի վալիդ լինի այն, ինչ դու պնդում ես, հետազոտում ես։ Բայց մյուս կողմից, այո՛, հասարակագիտական և հումանիտար ոլորտը այն ոլորտն է, որը նաև հանրային կոմունիկացիայի մեծ նշանակություն ունի։ Դրա համար մենք այդ ոլորտները մի փոքր այլ կերպ ենք դիտարկում։
Իսկ ե՞րբ պատրաստ կլինի այդ ոլորտի ռազմավարությունը։
376 օր դեռ ունենք։ Հանձնաժողովը կձևավորենք առաջիկա շաբաթների ընթացքում։
Այդ հանձնաժողովում ներառե՞լ եք մարդկանց, որոնք քննադատում են ոլորտի վերաբերյալ ձեր քաղաքականությունը։
Ես չեմ ճանաչում այս մասնագիտությամբ մեկին, որ ոլորտի վերաբերյալ մեր քաղաքականությունը չի քննադատում։ Պարզապես մարդիկ կան, որոնք բարեկամաբար են քննադատում, մարդիկ կան, որոնք ասում են՝ մենք ազգի դավաճան ենք։
Ամեն դեպքում, ներառե՞լ եք։
Անպայման։ Մեծ հանձնաժողով կլինի։
Նպատակային ծրագրերի ֆինանսավորումը անհամեմատ քիչ է, քան դրամաշնորհային ծրագրերինը, որքան էլ որ վերջիններում կան երկակի կամ կիրառական նշանակության թեմաներ։ Նախատեսո՞ւմ եք կամաց֊կամաց մեծացնել նպատակային ծրագրերի ֆինանսավորման մասնաբաժինը։
Լուրջ հարց եք տալիս, քանի որ [նպատակային ծրագրերով] ստացել ենք 14 միլիարդ դրամի հայտեր, բայց մենք 2027 թ․ համար պլանավորած ունենք մոտ 600 միլիոն դրամ։
Կա՞ կառավարությունից պատրաստակամություն 14 միլիարդ դրամ հատկացնելու նպատակային ծրագրերին։
Չեմ կարող հիմա ասել։ Կախված է նրանից, թե մենք ինչպես կկոմունիկացնենք դա։ Առաջիկայում պլանավորում ենք սրա վերաբերյալ քննարկում։ 14 միլիարդ դրամ չենք հայցի․ փորձաքննություն կանենք և կհասկանանք՝ որ ծրագրերն են զտվում։
Անցած տարվա վերջին «Գիտուժ» նախաձեռնության անդամները վարչապետի հետ հանդիպում էին ունեցել, որից հետո հայտարարվեց պետական կարիքների վերհանման մեխանիզմների վերաբերյալ նոր հետազոտություն իրականացնելու մասին։ Քանի որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն է համակարգում գործընթացը, պիտի խնդրեմ մանրամասնել, թե ինչու է այդ լրացուցիչ հետազոտության կարիքն առաջացել, և այն վերջնարդյունքում ինչ է դառնալու։
Դե իրա իմաստը հասկանալն է, թե ինչպես են տարբեր պետություններ կառավարում կարիքների վրա հիմնված հետազոտությունները, այսինքն՝ կարիքների բացահայտման, կարիքների ուղղությամբ մրցույթներ իրականացնելու, նաև միջգերատեսչական մանդատի և այլ հարցեր։ Այդ ուղղությամբ պետք է տեխնիկական առաջադրանք կազմենք ու հետազոտություն պատվիրենք։ Ընթացքում է դեռ։
Այդ հետազոտությունը նպատակային ծրագրերը լավարկելո՞ւն է ուղղված։
Հուսանք, ուղղված է դրան։ Տեսնենք։
Կարծես թեհավատ եք։
Թերահավատությունը չէ հարցը։ Հարցն այն է, թե ինչ խնդիր ենք ձևակերպում։ Ես նախընտրում եմ ունենալ հստակ ձևակերպված խնդիր, որպեսզի կարողանանք հստակ լուծել։
Հստակ չէ՞ ձևակերպված խնդիրը։
Ո՛չ, որովհետև կարիքի ձևակերպումն էլ է պետք հասկանալ․ ինչի՞ անունը կդնենք կարիք։ Դրա նախապայմանն այն է, որ բոլորը գիտեն՝ ինչ են ուզում, և այ մենք մեխանիզմ չունենք դա սպասարկելու։ Այսինքն՝ այստեղ պետք է ընդունել, թե այդ կարիքը ինչպես պիտի ձևակերպվի, ես՝ որպես պետական գերատեսչություն, ինչպես եմ հասկանում՝ իմ կարիքը գիտությու՞ն է, թե՞ չէ, հետո այդ կարիքը ինչ խողովակով եմ բարձրաձայնում։ Բայց այո, որոշ չափով ընկալում կա, առաջ ենք շարժվում։
«Գիտուժ»-ի մոտ էլ կարծես կա այն ըմբռնումը, որ գերատեսչությունները ոչ այնքան լավ են հասկանում կարիքները։
Այո, տեխնիկական առաջադրանքում, որ կազմում ենք, դա էլ է ներառված, թե ինչպես բացահայտել կարիքը, ինչպես կառավարել։
Գերակա ուղղություններ սահմանելիս դրանք դասավորել եք՝ ըստ պատրաստության մակարդակների՝ հաշվի առնելով մի քանի փոփոխականներ։ Ակադեմիական գիտության մասով ամեն ինչ շատ հասկանալի է՝ գիտնականների թիվ, տպագրություններ և այլն, սակայն մասնավորի մասով ընդամենը վերցնում եք կազմակերպությունների թիվը։ Մյուս կողմից՝ ռազմավարությունում ձևակերպում եք, որ մասնավորում հետազոտությունների ծավալի, ներդրումների մասին հստակ պատկերացում չկա։ Արդյո՞ք այդ հստակ պատկերացումը պետք չէր ձևակերպել դասակարգումից առաջ։
Պետք էր։
Բա ինչո՞ւ եք շտապել։
Երբ ասում էի՝ միշտ էլ կարելի է ավելի լավ հետազոտել, բաց պետք է ինչ֊որ մի պահի հետազոտությունն ավարտել, հենց սրա մասին էի ասում։ Ինչպես նշեցի, երբ ունես շրջանակ, որն արդեն քեզ տալիս է բավարար պատկերացում, իմաստ չունի խորանալ։ Եթե քեզ պետք է ամբողջական թվի ճշտությամբ որևէ տվյալ, իմաստ չունի խորանալ, տեսնել՝ ստորակետից հետո 3-րդ թվի ճշտությամբ ինչ է տեղի ունենում։
Դուք թիրախներ եք սահմանում մասնավոր հատվածի համար, նշում եք, որ գերակա ուղղություններով լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվելու հարկատուների հաշվին, բայց չունեք մասնավորի մասին հստակ տվյալներ, որոնցով կհաշվեք, թե որ ուղղությունն է պատրաստության ավելի բարձր աստիճանի, ինչից, օրինակ, կախված կլինեն ներդրումների, միջոցառումների ծավալները։
[Վերցված տվյալը] կազմակերպությունների քանակն է, որը բաց, հասանելի տվյալ է: Այն, թե մասնավոր հատվածում քանի հոգի է ներգրավված [հետազոտություններում և մշակումներում], մենք չենք չենք էլ վերցրել որպես գործոն, որ ասենք՝ այդտեղ սխալվե՞լ ենք, թե՞ չէ։
Պետք չէ՞ր դա էլ հաշվի առնել։
Նորից եմ ասում․ կարող էին ավելի շատ խորանալ, բայց որպեսզի չհետաձգեինք գերակայությունների փաստաթուղթը․․․ Դա գերակայություն սահմանելու վրա վճռական ազդեցություն չէր ունենալու, դա ազդեցություն է ունենալու ըստ ամեն գերակայության գործողությունների պլանը որոշելու ժամանակ։ Դրա համար մենք թողել ենք հետևյալ գործողությունը ռազմավարության մեջ, որ յուրաքանչյուր գերակայության ուղղությամբ ձևավորվելու է միջոլորտային աշխատանքային խումբ՝ կազմված ակադեմիայից (նկատի ունեմ գիտական հանրույթից), բյուրոկատիայից և մասնավոր հատվածից։ Այս պարագայում արդեն ամեն մեկի համար առանձնահատուկ լուծում է մշակվելու, որովհետև մի գերակայության ուղղությամբ գուցե մարդկային կապիտալը շատ է մասնավոր հատվածում, ակադեմիան հետ է ընկնում, մյուսում, ընդհակառակը, ակադեմիան գոյություն ունի, մասնավոր հատվածն է թույլ։
Դրա համար մենք ոչ մի գումար չենք հատկացրել․ մոտավոր խոշոր գումար է գրած, որը հատկացվում է միայն այն դեպքում, երբ այդ ծրագիրը մշակված է։ Հարկատուի գումարն անփույթ ծախսելու վտանգ չենք ստեղծում։
Ռազմավարությունում նշում եք, որ համալսարանների կազմում գործելու է մինչև 15 գիտական կազմակերպություն՝ չբացառելով գերատեսչական գիտական կառույցները։ Բայց այդ 15 գիտական կազմակերպությունները, եթե ձևակերպումները ճիշտ եմ հասկացել, գերակա ուղղությունների տրամաբանությամբ են խոշորացվելու։
Ո՛չ։
Մեջբերում եմ․ «Գերակա ուղղությունները նաև դրվելու են խոշորացված գիտական կազմակերպությունների կառուցվածքի մշակման հիմքում, և վերակազմակերպումներն իրականացվելու են գերակա ուղղությունների ու գիտական կազմակերպությունների պոտենցիալի հաշվառմամբ ու համադրությամբ»։
Հենց դա էի ուզում էի ուզում ասել․ գրված է «հաշվառմամբ»։
Այսինքն՝ երկուսն էլ լինելու են, որ եղած ուղղությունները չտուժե՞ն։
Այո՛։ Օրինակ, մենք ունենք առնվազն 4 կենտրոն, որտեղ նյութագիտական հետազոտությունների պոտենցիալ կա։ Այս ֆրագմենտացումն ինչի՞ է բերում, որ մի տեղում մի լավ սարք կա, մի այլ տեղում՝ ուրիշ լավ սարք․․․ Նյութագիտությունը նաև գերակա ուղղություն է հռչակված, այսինքն՝ այդ կոնսոլիդացիայի վարժության մեջ նյութագիտության ոլորտը դիտարկվելու է որպես առանձին վարժություն, որը հնարավորություն է տալու հոլիստիկ և մի տեղում արվող հետազոտությունների։
Ռազմավարության մեջ խոսում եք գիտության առևտրայնացման մասին, բայց նաև արձանագրում եք, որ ճարտարագիտական ոլորտն այդքան էլ զարգացած չէ, կադրերի պակաս կա։ Հաշվի առնելով, որ մարդկային ռեսուրսի և կարողությունների առկայությունը շատ կարևոր է գաղափարները դեպի տնտեսություն տանելու համար, ինչպե՞ս եք այդ խնդիրը լուծելու։
Տնտեսականացման համար միշտ չէ, որ ճարտարագետներ են անհրաժեշտ, օրինակ՝ կենսաբանական ստարտափների համար ճարտարագիտություն պետք չէ։ Մենք ունենք մի քանի ստարտափներ, որոնք կարողացել են ֆոնդ հայթայթել ու հետազոտություններ իրականացնել։
Ինքնավար համակարգեր, չիպեր, պաշտպանական համակարգեր․․․ Կան կարևոր ոլորտներ, որոնց համար պետք են։
Այո՛։ Դրա համար պետք է մարդիկ կրթել․ ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Եթե ինչ֊որ բան չգիտես ինչպես անես, պետք է կրթվես։
Նախատեսո՞ւմ եք, օրինակ, կրթական նոր ծրագրերի ներդրում, թարմացում։
Անպայման։
Ռազմավարության մեջ՝ ռիսկերի հատվածում, խոսում եք գերատեսչությունների ու գիտնականների միջև որոշ անտագոնիստական տրամադրությունների, երբեմն էլ տարբեր գերատեսչությունների միջև երկխոսության բացակայության մասին։ Հաշվի առնելով, որ վերը թվարկված ծրագրերը ենթադրում են և՛ կրթություն, և՛ գիտություն, և՛ կարիքների հիման վրա հետազոտություններ, և՛ առևտրայնացում, արդյո՞ք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի վրա շատ մեծ ծանրաբեռնվածություն չի ընկնում։ Արդյո՞ք չկա կա՛մ ամեն նախարարության ներսում, կա՛մ վերգերատեսչական մեկ կառույց ձևավորելու կարիք, որն այդ բոլոր օղակները կկարողանա համակարգել։ Կան երկրներ, օրինակ, որտեղ հիմնարար և կարիքների վրա հիմնված ֆինանսավորումներն իրականացնում են տարբեր կառույցներ։
Դա կախված է երկրի չափերից։ Հարցը այն է, որ մենք մեզ չերևակայենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Գերմանիա կամ Ֆրանսիա, այլ մենք մեզ երևակայենք Հայաստանի Հանրապետություն, որտեղ շատ քիչ մարդկային ռեսուրս կա, և իրականում խոսում ենք շատ ավելի հեշտ կառավարվող բաների մասին։ Մեր խնդիրներն ու անտագոնիզմը ծագում են նրանից, երբ մենք սկսում ենք մեծ պետության կառուցակարգեր մտցնել մեր մեջ․ մի «գիտության վարչություն» այստեղ ենք ստեղծում, մեկ ուրիշն՝ այնտեղ։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ունի՞ ոչ թե անձերով պայմանավորված, այլ ինստիտուցիոնալ մեխանիզմներ այդ ամենը համակարգելու։
Ես ենթադրում եմ՝ Դուք հետևում եք մեր քաղաքական խոսույթին, որտեղ ասվում է ինստիտուտների ձևավորման անհրաժեշտության մասին։ Այո՛, Կոմիտեի համար գնալով ավելի դժվար է դառնում, բայց ինչպես ասում են, ավելի դժվար չէ, քան շատ ավելի դժվար աշխատանքներ անողների համար։
Այո՛, կարողությունների զարգացման մի մեծ բաժին էլ մեզ է հասնում։ Ռազմավարության մեջ, տեսնում եք, մի մեծ բլոկ էլ պետական պատշաճ քաղաքականություն իրականացնելու մասին է, և դրա մոտ 90-95 %-ը մեզ է վերաբերում։
Այսինքն՝ համակարգող առանձին կառույցի անհրաժեշտություն չկա, և դուք շարունակելու եք բոլոր գերատեսչություններ միջև կապող օղակը լինել։
Առնվազն այնքան ժամանակ, մինչև օբյեկտիվ իրականությունը ցույց կտա, որ դա հնարավոր չէ անել։ Քանի դեռ ստացվում է, փորձում ենք անել։