ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց նպաստի ապօրինի ձևակերպում է իրականացրել. գործը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է,  որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ապօրինի գործողությունների համար ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք և հափշտակություն: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձը Լոռու մարզի բնակչի կողմից նպաստ ստանալու գործընթացը չդադարեցնելու համար 2022 թվականին որպես կաշառք ստացել է նրա մեկ ամսվա նպաստի չափով գումար՝ դրա դիմաց չարձանագրելով վերջինիս կողմից ՍՊԸ-ում աշխատելու և խոշոր եղջերավոր անասուններ ունենալու հանգամանքները, ինչպես նաև կազմել և հաստատել է պաշտոնական շրջանառության ենթակա կեղծ արձանագրություն։

Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև հիշյալ պաշտոնյայի կողմից նույն բնակավայրի մեկ այլ բնակչից կրկին մեկ ամսվա նպաստի գումարի չափով կաշառք ստանալու դեպք: Արդյունքում՝ Լոռու մարզի երկու բնակիչներ ստացել են ընդհանուր 786.000 ՀՀ դրամի չափով նպաստի գումար:

Միասնական սոցիալական ծառայության աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև Լոռու մարզի 3 բնակիչներին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն