Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի խորհրդի նիստին։
Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:
Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի ընթացիկ ծրագրերն ու առաջնահերթությունները, ինչպես նաև առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։
Նախարար Թորոսյանն իր ողջույնի խոսքում կարևորել է Կոնֆեդերացիայի հետ համագործակցության զարգացումը՝ ընդգծելով աշխատողների իրավունքների պաշտպանության և սոցիալական երկխոսության արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքների դերը։ Նախարարն անդրադարձել է նաև աշխատանքային վեճերի արտադատական լուծման համակարգի ներդնման անհրաժեշտությանը՝ նշելով, որ այն հնարավորություն կտա վեճերը լուծել արագ և պարզ ընթացակարգերով։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը՝ աշխատողների իրավունքների պաշտպանության և ոլորտային խնդիրների լուծման ուղղություններով։
Նիստը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում խորհրդի անդամները ստացել են իրենց կողմից բարձրացված հարցերի պատասխանները։