Հայաստանի տնտեսական ակտիվությունը փետրվարին աճել է 7,2%-ով | civilnet.am

civilnet.am Ընթացիկ տարվա փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), 2025-ի նույն ամսվա համեմատ, աճել է 7,2%-ով։ Դրական դինամիկա է նկատվում նաև նախորդ ամսվա՝ հունվարի նկատմամբ, որի համեմատ հավելաճը կազմել է 4,5%։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 7,4%-ով։

Փետրվարյան տնտեսական ակտիվության աճի հիմնական շարժիչ ուժը հանդիսացել են չորս առանցքային ճյուղեր։ Առավել տպավորիչ աճ գրանցել է արդյունաբերության ոլորտը՝ կազմելով 23,8%։ Այս ցուցանիշին փոքր-ինչ զիջում է շինարարության ոլորտը, որտեղ արձանագրվել է 21,8% աճ։

Աճի զգալի տարբերությամբ աչքի են ընկնում նաև ծառայությունների ոլորտն ու առևտրի շրջանառությունը՝ ավելանալով համապատասխանաբար 7%-ով և 5,6%-ով։

Մակրոտնտեսական պատկերի ուշագրավ զարգացումներից մեկն արտաքին առևտրի վերականգնումն է։ Տևական ստագնացիայից և անկումային միտումներից հետո ոլորտն ակտիվացել է՝ չնայած վերականգնման միտումներ նկատվում էին դեռևս անցյալ տարվա վերջին:

Մասնավորապես, փետրվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի համեմատ ավելացել է 30,8%-ով՝ դրամական արտահայտությամբ հասնելով 1,7 մլրդ դոլարի։ Արտահանման ծավալներն աճել են 37,6%-ով և կազմել 690 մլն դոլար, մինչդեռ ներմուծումն ավելացել է 26,9%-ով՝ հատելով 1 մլրդ դոլարի շեմը։ Տարվա առաջին երկու ամիսների կտրվածքով արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է ընդհանուր 3 մլրդ դոլար՝ գրանցելով 9,3% աճ։

Տնտեսական ակտիվության ֆոնին, սպառողական շուկայում պահպանվել են գնաճի որոշակին միտումներ. դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ այն կազմել է 4,3%։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն