Իսրայելը հրեաներին կոչ է անում զգույշ լինել Վրաստանում և Ադրբեջանում | civilnet.am

civilnet.am Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը (NSC) ճանապարհորդական նախազգուշացում է հրապարակել Իրանի հետ սահմանակից մի շարք երկրների համար՝ հրեական տոների նախաշեմին։ Նախազգուշացման մեջ նշվում է, որ Իրանի հետ կապված կամ նրա ազդեցության տակ գտնվող անձինք կարող են ահաբեկչական հարձակումներ իրականացնել Իսրայելի կամ հրեական համայնքների հետ կապ ունեցող վայրերում։

Մարտի 24-ին հրապարակած այս նախազգուշացումը ավելի մանրամասն տարբերակն է մարտի սկզբին տարածված նախորդ հայտարարության, որը հայտնվել էր այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ մոտենում է իր չորրորդ շաբաթին։

Ազգային անվտանգության խորհուրդը նշել է, որ Իրանի հետ շարունակվող պատերազմը մեծացնում է արտերկրում իսրայելցիների դեմ ահաբեկչության վտանգը։ Նշվում է նաև, որ վերջին շրջանում Արևմուտքի տարբեր երկրներում եղել են ինչպես կանխված, այնպես էլ իրականացված հարձակումներ՝ հրեական և իսրայելական օբյեկտների դեմ։

Խորհրդի գնահատմամբ՝ վտանգը աճում է նաև Պասեքի և հրեական մյուս տոների պատճառով։

«Իրանի հետ սահմանակից երկրների դեպքում (Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Պարսից ծոցի երկրներ) խորհուրդ ենք տալիս չմասնակցել այնպիսի միջոցառումների, այդ թվում՝ տոնական հավաքների, որոնք կապված են Իսրայելի կամ հրեական համայնքների հետ։ Կա վտանգ, որ դրանք կարող են դառնալ իրանական խմբերի հարձակումների թիրախ»,- նշվում է հայտարարությունում։

Մարտի 5-ին հրապարակված նախորդ նախազգուշացման մեջ Վրաստանը և Ադրբեջանը նշված չէին։ Ազգային անվտանգության խորհուրդը չի պարզաբանել, թե ինչու այս անգամ այդ երկրները ներառվել են ցանկում։ Սակայն վերջին շրջանում եղել են տեղեկություններ Ադրբեջանում հրեական օբյեկտների դեմ իրանական հնարավոր ահաբեկչական ծրագրերի կանխման մասին, ինչպես նաև պնդումներ՝ Վրաստանում Իրանի ազդեցության աճի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն