Հայաստանում զբոսավարների պարտադիր վերապատրաստման և որակավորման համակարգ կներդրվի | news.am

news.am Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26–ի նիստում Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները և կարգը սահմանելու մասին որոշում կայացրեց։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում զբոսավարների և ուղեկցորդների գործունեության դաշտը ներկայումս կարգավորված չէ՝ չկան հստակ պահանջներ, կանոններ կամ վերահսկողական մեխանիզմներ: Այդ բացը հանգեցնում է ոլորտում մասնագիտական որակների և փորձի անհավասար մրցակցային պայմանների ձևավորմանը, ինչը բացասաբար է ազդում ծառայությունների որակի և սպառողների վստահության վրա:

Ոլորտի առջև ծառացած խնդիրներից է նաև՝ ՀՀ-ում զբոսաշրջային ծառայություններ մատուցող օտարազգի զբոսավարների անխոչընդոտ գործունեության հնարավորությունը։ Վերջիններս, լիարժեք չտիրապետելով Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ տեղեկատվությանը, տեղաբնակների սովորույթներին, հասարակական և կրոնական ծիսակատարություններին, վարքագծի կանոններին, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական և բնական արժեքներին, ապահովագրությանը և զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմաններին, ՀՀ ժամանած զոսաշրջիկներին ներկայացնում են ոչ ճշգրիտ կամ աղավաղված տեղեկատվություն։

Այսպիսով, օտարազգի զբոսավարների կողմից մշակութային ժառանգության ոչ ճշգրիտ կամ աղավաղված ներկայացումը կարող է հանգեցնել ոչ միայն տեղեկատվական խեղաթյուրումների, այլև մեր ազգային ինքնության և մշակութային անվտանգության սպառնալիքների։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն մշակել է «Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջների, որակավորման ընթացակարգերի, վերապատրաստման ծրագրի, կարգի, պարբերականության, ժամկետների, մասնագիտացման ուղղությունների մասին» որոշման նախագիծ, որը նախատեսում է երեք հիմնական որակավորման ընթացակարգերի ներդրում՝ պարզեցված, արագացված և կանոնավոր։ Այս մոտեցումը հնարավորություն կտա թե՛ փորձառու զբոսավարներին, թե՛ սկսնակներին անցնել համապատասխան որակավորման գործընթաց՝ ըստ իրենց փորձի և պատրաստվածության մակարդակի։

Նախագծի նպատակն է բարձրացնել զբոսավարների և ուղեկցորդների մասնագիտական որակը, ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունն ու տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև նպաստել ոլորտի զարգացմանը։

Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կընձեռվի ապահովել միասնական ծրագրով զբոսավարների և ուղեկցորդների վերապատրաստումը, ինչպես նաև Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության տրամադրումն ու զբոսաշրջիկների անվտանգությունը։

Միևնույն ժամանակ, պարտադիր վերապատրաստման և որակավորման համակարգի ներդրումը կնպաստի շուկայում առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն