news.am Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը մարտի 16-ին հանդես էր եկել հայտարարությամբ ՝ հրապարակելով Վարդանյանի ձայնային հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային:
Ձայնագրության ընթացքում լսվում էր, թե ինչպես են Վարդանյանին ընդհատում:
NEWS.am-ն այս թեմայով հարցումներ է ուղարկել միջազգային տարբեր կազմակերպությունների, դեսպանատների, ինչպես նաև ՀՀ մի շարք կառույցների՝ փորձելով ճշտել, թե նման իրավիճակում ի՞նչ քայլեր են ձեռնարկում կամ կարող են ձեռնարկվել:
Հարցմանն արդեն պատասխանել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը:
Դեսպանին ուղղված մեր հարցը հետևյալն էր. «Դուք ողջունել եք Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, սակայն այնպիսի կարևոր հարցը, ինչպիսին մարդասիրականն է, մնում է չլուծված։ Ավելին, հայ գերիները զրկված են պաշտպանության որևէ արդյունավետ մեխանիզմից։ Արդյո՞ք Դուք, որպես ԵՄ դեսպան Հայաստանում, հետևում եք այս հարցին։ Եվ հաշվի առնելով, որ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն չունի Ադրբեջանում, ի՞նչ մեխանիզմներ կարող է ԵՄ-ն կիրառել՝ օգնելու հայ գերիների իրավունքների պաշտպանությանը»։
Ի պատասխան դեսպան Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է, որ ԵՄ-ն սերտորեն հետևում է Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում պահվող մյուս հայ գերիների գործերին։
«Կոնկրետ դեպքի առնչությամբ ցանկանում եմ ընդգծել, որ ԵՄ-ն դրական է գնահատել վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատմական առաջընթացի տարբեր դրական ասպեկտները՝ երկու երկրների խաղաղության գործընթացում։ Մենք հուսով ենք, որ բոլոր մնացյալ հարցերը, այդ թվում՝ զգայուն հումանիտար բնույթ կրող հարցերը, կարող են կարգավորվել կողմերի միջև։
Մեր ընկալմամբ, ինչպես բխում է Հայաստանի իշխանությունների կողմից հրապարակայնորեն արված հայտարարություններից, հայ գերիների հարցը բարձրացվում է երկկողմ խաղաղության գործընթացի շրջանակում»,-նշվում է դեսպան Մարագոսի՝ NEWS.am-ին ուղարկած պատասխանում: