arm.sputniknews.ru 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների դեպքի կողմերը շարունակում են դժգոհել իրավապահների աշխատանքից։ Այսօր կառավարության գլխավոր շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին հրաձգության մասնակիցներից Տիգրան Մաթևոսյանի հարազատները։ Նրանք արդար դատաքննություն են պահանջում՝ պնդելով, որ գործն արդեն դատարանում է, սակայն թերի քննության արդյունքներով ու փաստերով։
Նշենք, որ Արտաշատում անչափահասների վիճաբանությունն ավարտվել էր երկու հոգու սպանությամբ: 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով երկու ընտանիքից երկու մարդ է մահացել՝ 46-ամյա Արտակ Մաթևոսյանը և 15-ամյա Ռուբեն Ռուբենյանը։ Եվս մի քանի անձ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Այս պահին գործով մեղադրյալ, 20-ամյա Տիգրան Մաթևոսյանի ազգականը՝ Արթուր Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ սկզբում Տիգրանը տուժող է ճանաչվել ու տեղափոխվել հիվանդանոց, այդ թվում՝ հրազենային վնասվածքներով։ Սակայն տուն վերադառնալուց երկու օր անց, ըստ Խաչատրյանի, ստացել է մեղադրյալի կարգավիճակ և տեղափոխվել կալանավայր: Նա վստահեցնում է, որ 15-ամյա Ռուբեն Ռուբենյանին սպանել է հենց նրա հայրը։
«Իր հայրը գալիս է, դանակով հարվածում մեր երեխուն, բայց դիպչում է իր երեխուն. Աստված իրենց արդեն պատժել է։ Մենք դատարանում կապացուցենք անմեղությունը, բայց հարց է՝ երբ, որովհետև միայն 1,5 տարի իրեղեն ապացույցներ են ներկայացնում։ Ինչո՞ւ երեխեքը բանտում նստեն։ Ասում են՝ գնացել են, որ հորը սպանեն, բայց հորը չկարողացան, երեխուն սպանեցին. դա աբսուրդ է։ Իմ եղբայրը ընտիր որսորդ է եղել ու երբեք չի վրիպել։ Եթե նա ուզենար սպանել, ապա մի փամփուշտով 2-3 հոգու կսպաներ, ոչ թե պատերին կամ օդ կկրակեր»,- ասաց նա։
Խաչատրյանի խոսքով՝ իր ընտանիքի անդամները գնացել են հասկանալու, թե ինչու են ծեծել իր հարազատներին։
«Նրանք էլ ասել են՝ լավ ենք արել, մի բան էլ քիչ ենք արել։ Բա այդ ժամանակ մի հատ փայտով չխփե՞ր գլխին։ Բայց գնացել էին երեխեքին հաշտեցնելու։ Ձայնագրություն կա, որ երեխեքին ասում են՝ մենք գնում ենք երկու բառ խոսելու, ոչ մեկ մեր հետևից չգա»,- նշեց Խաչատրյանը։