armenpress.am ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրները և Կանադան 2025 թվականին 2024 թվականի համեմատությամբ պաշտպանական ծախսերն ավելացրել են 20%-ով: Ինչպես տեղեկանում ենք Reuters գործակալությունից, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքի գործունեության վերաբերյալ ամենամյա զեկույցում:
«Ակնկալում եմ, որ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում դաշնակիցները կցուցադրեն (ՀՆԱ-ի) 5% նպատակին հասնելու հստակ ու իրատեսական պլան», – նշել է Ռյուտեն:
Զեկույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտնել է, որ «բոլոր դաշնակիցները ներկայացրել են պաշտպանական ծախսերի այնպիսի թվեր, որոնք հասել են կամ անցել 2014 թվականին սահմանված 2% նպատակակետից»։ Ռյուտեն հավելել է, որ շատ երկրները կտրուկ ավելացնում են պաշտպանական ծախսերը։
2025 թվականին կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի ղեկավարները համաձայնել են մինչև 2035 թվականը պաշտպանությանը և դրա հետ կապված ներդրումներին ուղղել ՀՆԱ-ի 5%-ը, որից 3,5%-ը՝ հիմնական պաշտպանությանը, օրինակ՝ զորքերին և սպառազինությանը, իսկ 1,5%-ը՝ ավելի լայն միջոցառումների, օրինակ՝ կիբեռանվտանգությանը, խողովակաշարերի պաշտպանությանը, ճանապարհների և կամուրջների ամրապնդմանը։
Երեք պետություն՝ Լեհաստանը, Լիտվան և Լատվիան, 2025 թվակնին արդեն գերազանցել են նոր՝ 3,5% շեմը։ Իսպանիան, Կանադան և Բելգիան պաշտպանական ծախսերը հասցրել են ՀՆԱ-ի 2%-ին։
Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի 32 անդամ երկրները 2025 թվականին պաշտպանությանն ուղղել են ՀՆԱ-ի 2,77%-ը։
2025 թվականին ԱՄՆ-ին բաժին է ընկել դաշինքի պաշտպանական ծախսերի 60%-ը։