Ալեն Սիմոնյանը իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ պարզաբանելով Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։
«Դեմիրճյան փողոցով անցնելիս տեսա, որ անհետ կորածների ծնողներ կան հավաքված։ Ես տեսա, մոտեցա, զրուցեցինք տարբեր բաների մասին, նրանք իրենց վրդովմունքը հայտնեցին և այլն։ Երբ արդեն հեռանում էի այդ մարդկանց հետ խոսելուց հետո, ինձ ընդառաջ էր գալիս ինձ հայտնի Միկա անունով անձնավորություն, որին գիտեմ համացանցից։ Նա համացանցում բազմաթիվ տեսանյութեր է անում իմ հետ կապված։ Ինձ քաջ հայտնի անձնավորություն է։ Ես տեսա, որ տեսախցիկը նրա ձեռքին է, մոտեցավ, բնական է, որ ես որևիցե ձևով ցանկություն չունեի նրա հետ առնչվել և առաջարկեցի ինձանից հնարավորինս հեռու մնալ։
Միգուցե, ավելի կոպիտ եմ արտահայտվել, երբ նա շարունակեց և սկսեց ավելի առաջ գալ, բայց որևիցե սեռական բնույթի հայհոյանք չի եղել, դրանից հետո էլ «արա» բառից ավել որևէ բան չի եղել, երբ նա սկսեց չենթարկվել անվտանգության աշխատակիցներին և անընդհատ մոտիկ գալ և սադրել։
Դրանից հետո նա սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց իմ հասցեին, և դա տեսանյութում երևում է։ Ես նրան պատասխանեցի և փորձեցի հեռանալ։ Դրանից հետո ևս մեկ անձնավորություն մոտեցավ , որին չէի ճանաչում։ Կարծելով, որ դա անհայտ կորած ծնողներից մեկն է, գուցե, ինչ-որ քաղաքացի է, բայց պարզվեց, որ այդ անձնավորությունը եկել էր, ինչպես ինքն էր արտահայտվում, իր ընկերոջ բարի համբավը պաշտպաներ։
«Ով որ իմ ընկերոջը, ես նրա սենցը-նենցը խոսույթով» սկսեց մոտենալ իմ ուղղությամբ, որին ոստիկանները հետագայում հեռացրեցին։ Հետո պարզվեց, որ նա ինչ-որ կուսակցության ղեկավար է։ Դրանից հետո նորից հանդիպեց անհայտ կորածների հարազատներին, որոնց արդեն ճանաչում էի։ Մի փոքր զրույց ունեցանք, թե ինչ կարելի է անել իրենց խնդրի հետ կապված, նույնիսկ այդքանից հետո բան պայմանավորվեցինք, որը ես կճշտեմ իրենց կփոխանցեմ։
Բայց, հասկանալով, որ իրավիճակը լարված է, որովհետև ակնհայտ էր, որ այդ սադրանքն ու խուլիգանությունը նյարդ էր մտցրել այնտեղ հավաքված ժողովրդի մեջ, մարդիկ կային, որ ոգելից խմիչք էին օգտագործել, ես այնտեղից հեռացա։ Այդ ընթացքում ևս մեկ քաղաքացի մոտեցավ, որը նույն տրամաբանության մեջ էր։
Շատ ցավալի է և զզվելի է, որ այդ մարդկանց ցավը որոշ քաղաքական միավորներ ու որոշ մարդիկ փորձում են օգտագործել իրենց քաղաքական նպատակներով։ Ես ցավում եմ դրա համար և պետք է ասեմ, որ այդ սադրանքները չեն անցնելու։ Այո, ինձ համար էլ է դժվար նման իրավիճակներում հայտնվելը՝ էմոցիոնալ առումով, մարդկային առումով։ Եվ հույս ունեմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով հիմա լսում է, նայելով տեսանյութերը, կարող է պատկերացնել այն իրավիճակը, որը ես նկարագրեցի»,- ասել է Սիմոնյանը տեսանյությում։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Միքայել Մարգարյանի մասնակցությամբ այսօր միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանի մոտակայքում, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ: Միջադեպից հետո բերման են ենթարկվել ակտիվիստ Միքայել Մարգարյանը և Արսեն Վարդանյանը, որը «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ է: