ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովից ակնկալում ենք հարաբերությունների խորացում․ Անտոնիու Կոշտա | civilnet.am

civilnet.am Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին կայցելեն Հայաստան․ ԵԽ-ն մարտի 26-ին հրապարակել է պաշտոնական հաղորդագրությունը։

Անտոնիու Կոշտան նշել է, որ ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովից ակնկալում են հարաբերությունների խորացում։

«Հայաստանը ԵՄ-ի կարևոր գործընկերն է։ Մեզ միավորում են ընդհանուր արժեքները, ինչպես նաև միջազգային իրավունքի և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ հանձնառությունը։ Այս կարևոր փուլը նշանակալի ներդրում կլինի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կապակցվածության և բարեկեցության ամրապնդման գործում,- ասել է նա»։

Գագաթնաժողովից առաջ Կոշտան և ֆոն դեր Լայենը կմասնակցեն Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը, որը նույնպես կկայանա Երևանում՝ մայիսի 4-ին։

ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրակարգի առանցքում կլինի երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և թվային կապակցվածության ոլորտներում։

Նրանք կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կապակցվածության և բարեկեցության ապահովման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև գլոբալ մարտահրավերները՝ ներառյալ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում վերջին զարգացումները։

Շեշտվում է նաև, որ Եվրամիությունը Հայաստանի ամենախոշոր դոնորն է, և 2023-ի հոկտեմբերին միության հաստատություններին հանձնարարվել է «ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները դրանց բոլոր ուղղություններով»։

ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը տեղի կունենա 2026-ի մայիսի 4-ին և 5-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն