Հեղեղաջրերից վնասվել է վերգետնյա գազատար. գազանջատում Կապանի որոշ հասցեներում

Հեղեղաջրերից վնասվել է վերգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 27-ին ժամը 13։00-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գրիգոր Արզումանյան 2-րդ և 3-րդ նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Նշենք, որ Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին։ Քաղաքում այսօր թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%-ը:

Հիշեցնենք՝ նախօրեին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել էր, որ հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17 մ/վ արագությամբ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն