Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև մարտի 26-ին ԱԺ-ի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե։
«Մարտի 26-ին Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՆԳՆ-ից։
ՔԿ-ից էլ tert.am-ին հայտնել են, որ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը): Կատարվում է նախաքննություն»,- հայտնել են ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 27-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Միքայել Մարգարյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանի մոտակայքում, հնչել են փոխադարձ հայհոյանքներ: Ակտիվիստ Միքայել Մարգարյանը և Արսեն Վարդանյանը բերման են ենթարկվել ապա ազատ արձակվել վարչական տույժից հետո:
Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանի հետ վեճը սկսվում է այն բանից հետո, երբ խորհրդարանի նախագահը հրաժարվում է խոսել Մարգարյանի հետ։
Միջադեպից ժամեր անց Ալեն Սիմոնյանը տեղի ունեցածը սադրանք է որակել՝ միաժամանակ պնդելով, թե իրեն ուղղված հայհոյանքին ի պատասխան միայն «արա» է ասել, «որևիցե սեռական բնույթի հայհոյանք չի եղել»։