ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Ապիտոնյանը և Քրիստինե Ղալեչյանը ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պետական քարտուղարի տեղակալ Պետեր Հոլիցայի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵՆ-ը։
Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ ընդգծելով երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների կարևորությունն ու մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու փոխշահավետ հնարավորությունները։
Նարեկ Ապիտոնյանը անդրադարձել է 2025 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև ստորագրված՝ կանաչ էներգիայի տարանցման ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կարևորությանը։
Նա ընդգծել է, որ փաստաթուղթը կարևոր հիմք է հանդիսանում էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկ ինտեգրման խորացման համար։
Պետեր Հոլիցան ներկայացրել է Հունգարիայի էներգահամակարգի առանցքային ձեռքբերումները և էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարներն ու տեսլականը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումներին՝ շեշտադրելով ոլորտի ռազմավարական կարևորությունը երկրի էներգետիկ քաղաքականության համատեքստում։