news.am ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին կոչ է արել Անվտանգության խորհրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դատապարտելով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆի նկատմամբ սպանության սպառնալիքների մասին լուրերը, հայտնում է Tasnim-ը։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահ Մայքլ Վալցին ուղղված մարտի 26-ի նամակում Սայիդ Իրավանին մտահոգություն է հայտնել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին սպանելու ԱՄՆ-ի և Իսրայելի ենթադրյալ ծրագրերի կապակցությամբ՝ պնդելով, որ նման գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և սպառնում են համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։