Իրանը հրատապ կարգով դիտարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը. «Թասնիմ» գործակալություն

Իրանի մի շարք պետական մարմիններ, այդ թվում՝ Խորհրդարանը, հրատապ կերպով քննարկում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու հարցը։ «Թասնիմ» գործակալությունը հաղորդում է, որ Իրանում վերջնականապես ամրապնդվում է այն տեսակետը, որ ՄԶՉՊ-ում մնալու համար որևէ հիմնավորում չկա։

«Ըստ ՄԶՉՊ-ի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պետք է պայմաններ ապահովի խաղաղ միջուկային տեխնոլոգիաների և դրանց սարքավորումների հասանելիության հարցում Իրանի պաշտպանության և աջակցության համար։ Սակայն, երբ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին անուղղակիորեն խրախուսում է թշնամուն օգտագործել միջուկային զենք իրանական օբյեկտների դեմ, իսկ ամերիկա-իսրայելական թշնամին հարձակվում է իրանական օբյեկտների վրա՝ առանց ԱԷՄԳ-ի կողմից որևէ խոչընդոտի կամ դատապարտման, ապա Իրանի համար ՄԶՉՊ-ում մնալու այլևս ոչ մի հիմնավորում չի մնում»,- գրում է իրանական գործակալությունը։

Շեշտվում է, որ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալը չի նշանակում շարժվել դեպի միջուկային զենք, այլ նպատակ ունի կանխել ԱՄՆ-ի և իսրայելական ռեժիմի կողմից լրտեսության շարունակումը՝ ԱԷՄԳ տեսուչների անվան տակ։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն