armenpress.am Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների, որոնք կարող են տևել մի քանի շաբաթից մինչև երկու ամիս։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն, Պենտագոնի կողմից քննարկվող տարբերակներից ոչ մեկը չի կարող համարվել լիարժեք ներխուժում։ Զինվորականների կողմից նախապատրաստվող գործողությունները ներառում են սահմանափակ ռմբակոծություններ՝ հատուկ նշանակության ուժերի և սովորական հետևակի մասնակցությամբ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող ափամերձ տարածքներում, ինչպես նաև Խարգ կղզու հնարավոր գրավումը, որը իրանական նավթի արտահանման հիմնական հանգույցն է։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը The Washington Post-ին ասել է, որ Պենտագոնի նպատակն է պատրաստվել բոլոր արտակարգ իրավիճակներին և «գլխավոր հրամանատարին տալ գործողությունների առավելագույն ազատություն»։ «Սա չի նշանակում, որ նախագահը որոշում է կայացրել [ցամաքային գործողության վերաբերյալ]», – ասել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։