news.am Իսրայելում շաբաթ երեկոյան Իրանում պատերազմի դեմ ցույցերի ժամանակ ձերբակալվել է առնվազն 18 մարդ, մի քանի խոշոր քաղաքներում բողոքի ցույցերը բռնի ցրվել են, հաղորդել է Times of Israel-ը։
Ձերբակալվածների թվում են 13 ցուցարար Թել Ավիվում եւ հինգը՝ Հայֆայում։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաեւ Երուսաղեմում եւ Բեեր Շեւայում։
Այս ցույցերն առաջինն էին, երբ հակակառավարական խմբավորումները մասնակցում էին շարունակվող պատերազմի դեմ բողոքի ցույցերին։ Ռազմական գործողությունների առաջին մի քանի շաբաթների ընթացքում նման ցույցեր կազմակերպվել են, դրանց մասնակցել են գրեթե բացառապես ձախակողմյան ակտիվիստներ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ Reuters-ի
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։