Հարվածներ ենթակառուցվածքներին և նոր զոհեր. պատերազմը Մերձավոր Արևելքում

Վերջին օրերին Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակվում է․ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են իրականացնել համակարգված գործողություններ՝ թիրախավորելով Իրանի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները։ Ռազմական գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների և ավերածությունների։

Հարվածներ են իրականացվել կենսական և ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին։ Իսրայելի պաշտպանության բանակի փոխանցմամբ՝ հարվածների հերթական թիրախն է դարձել Թեհրանը, որտեղ ոչնչացվել են ժամանակավոր հրամանատարական կետեր և զենքի արտադրության օբյեկտներ։ Գործողությունների շրջանակում հարձակման են ենթարկվել նաև բալիստիկ հրթիռների արտադրության ու պահեստավորման վայրերը, հակաօդային պաշտպանության համակարգերն ու դիտակետերը։

Ռազմական թիրախներից զատ, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներին։ Խուզեստան նահանգի Հաֆթգել քաղաքում ամերիկա-իսրայելական ուժերը հարձակում են գործել ջրամատակարարման խոշոր հանգույցի վրա։

Կան տուժածներ բնակչության շրջանում։ Իրանական կողմում հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին։ Ամենածանր միջադեպերից մեկը գրանցվել է Հորմոզգան նահանգի Բանդար Խամիր քաղաքում. նավամատույցի վրա իրականացված հարձակման հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս չորսը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։

Վիրավորների մասին է հայտնել նաև Իսրայելը։ Ինչպես հաղորդում է «Jerusalem Post»-ը, շաբաթ օրը կեսօրին Իրանի տարածքից դեպի Իսրայելի կենտրոնական հատված արձակված հրթիռի հետևանքով Բեյթ Շեմեշի մերձակայքում վիրավորվել է առնվազն 19 մարդ։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն